Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2025

 Սիրելի՛ հայրենակիցներ
Անկախությունը մեզ համար ոչ միայն պատմական փաստ է, այլև ամեն քաղաքացու ամենօրյա աշխատանքն ու պատասխանատվությունը։

Շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայի համար կարևորագույն տոներից մեկի՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Երեսունչորս տարի առաջ այս օրը վերականգնելով ու ամրապնդելով ազգային ինքնության մեր խորհրդանիշը՝ հաստատեցինք նաև հավատարմությունը մեր նախնիներին, որոնք երազում էին տեսնել հայրենիքը՝ որպես անկախ ու ազատ երկիր։
1991-ին վաստակեցինք սեփական պետությունը կառուցելու իրավունքը, բայց անկախությունը ոչ միայն դարակազմիկ հաղթանակ է, այլև մեծ պատասխանատվություն թե՛ անցյալի հանդեպ, թե՛ գալիք սերունդների առջև։

Ուստի այսօր՝ մեզ վստահված ներկայում, պարտավոր ենք ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել այն կենսական բոլոր ոլորտներում և ստեղծել պայմաններ արժանապատիվ կյանքի համար՝ ժառանգելով այդ ամենն արդեն հայ ազգի ապագա զավակներին։

Հավատում եմ, որ միասին՝ համախմբվածությամբ, քրտնաջան աշխատանքով և վաղվա հանդեպ հավատով, կհաղթահարենք բոլոր մարտահրավերներն ու կդարձնենք Հայաստանն առավել ուժեղ, պաշտպանված, անվտանգ ու բարգավաճ՝ հզորացնելով տնտեսությունը, պահպանելով մեր մշակույթն ու ավանդույթները։

Մեր երկրի ապագան կախված է յուրաքանչյուրիս նվիրվածությունից և Հայրենիքի հանդեպ սիրուց։
Տոնական այս օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, լավատեսություն, բարեկեցություն, շարունակական հաջողություններ՝ ի շահ մեր ընտանիքների ու ի շահ հայրենիքի։

Թո՛ղ Հայաստանի Հանրապետության անկախությունը միշտ լինի անսասան հենասյուն մեզանից յուրաքանչյուրի համար, իսկ մենք զորավիգ լինենք նրան՝ ամեն օր այդ հենասյունն ամրացնելու վճռականությամբ ու արարմունքով։

Շնորհավո՛ր Հայաստանի անկախության տոնը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-30 15:17:56