Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
27.09.2025

Սյունիքի մարզը մասնակցել է սեպտեմբերի 26-ին Երևանում կայացած «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել էր իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ մարզի զբոսաշրջային հնարավորություններին, նաև ներկայացվել էին փորձառություններ՝ կավագործություն, տիկնիկագործություն, գորգագործություն և այլն․ օրը եզրափակվեց համերգային ծրագրով։
Բացի մարզային տաղավարներից, կային նաև Հայաստանի արկածային հնարավորությունները ներկայացնող, ինչպես նաև գաստրո տաղավարներ, որտեղ հմուտ խոհարարը պատրաստում էր յուրաքանչյուր մարզին բնորոշ որևէ ուտեստ։
Սեպտեմբերի 26-ին զուգահեռաբար անցկացվեց «Ապագայի ճանապարհ․ ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագրով համաժողովը ևս, որի ընթացքում պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչները քննարկեցին համայնքային զբոսաշրջության զարգացումը, մարզերում երիտասարդության մասնակցությունը ներքին զբոսաշրջության ինովացիաներին և այլ հարցեր։
«Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսն անցկացվեց չորրորդ անգամ և այն նպատակ ունի դառնալ ամենամյա՝ խթանելով զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզեր և բացահայտելու մարզային հնարավորությունները նորովի։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից կազմակերպված ու ներկայացված տաղավարում մարզը ներկայացնում էին «Visit Sisian» զբոսաշրջային կենտրոնը, Սիսիանի «Բասեն» հյուրանոցը, «Էդգարի տուն» հյուրատունը, Գորիսի Syunik DMO-ն, Սիսիանի Bees House-ը՝ մեղրի եւ մեղվի ցուցասրահով, «Եղևնուտ» հյուրանոցը և «Տաթևեր» ճոպանուղին։
Ներկայացված են եղել նաև տեղեկատվական նյութեր ողջ մարզից, որոնք ներկայացրել են մարզի զբոսաշրջային ներուժը։