Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր հիմնված կառույցների բացում՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում
20.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մարզում նոր հիմնված կառույցների բացմանը և արդեն մեկնարկած ծրագրերի դիտարկմանը։
—————————————————————————
«Բալաք գյուղի սերմարտադրողների և արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվը ստեղծվել է Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «ECOserve» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկված է նաև Շվեյցարիայի «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի շահառուների շարքում՝ որպես ընտրված 5 կոոպերատիվներից մեկը։ Ցուցադրական գյուղում իրականացնում են բնական խոտհարքերը բարելավելու և չօգտագործվող վարելահողերը վերաօգտագործվելուն ուղղված աշխատանքներ։ Նախաձեռնության հիմնական նպատակը արոտավայրերի կայուն կառավարման ապահովումն է և լրացուցիչ կերի արտադրությունը՝ կոոպերատիվի անդամների և գյուղացիների համար, որը նպաստում է արոտավայրերի չափից շատ օգտագործման նվազեցմանը։ 2025թ․ կոոպերատիվը մշակել է 113 հա վարելահող։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը գյուղատնտեսության ոլորտում երկակի ուսուցում (դուալ մոդել) իրականացնող 6 թիրախային քոլեջներից մեկն է՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Քոլեջի ուսանողները և շրջանավարտները գործնական ուսուցումն անցնում են գործընկեր ֆերմաներում և ընկերություններում։ Քոլեջը բարելավել է իր ուսուցման և ուսումնառության պայմանները՝ շնորհիվ կանոնավոր վերապատրաստումների, նոր ուսումնական ծրագրերի, ինչպես նաև արդիականացված սարքավորումների։ Այն հանդիսանում է 2 մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններից մեկը, որոնք կվերակառուցվեն/ կվերանորոգվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրելիք «Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակում։
Գորիսում բացվել է ավագ սերնդի կենտրոն, որի առաքելությունն է բարելավել Գորիս համայնքի տարեց բնակիչների, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կյանքի որակը՝ ապահովելով արժանապատիվ ծերացում և նպաստելով նրանց սոցիալական ներառումը։ Կենտրոնը հիմնվել է ԵՄ տրամադրած դրամաշնորհի միջոցով, որի շրջանակում շենքի 500քմ տարածքը վերանորոգվել է, կահավորվել են խոհանոցը, 2 արհեստանոցը և պահեստը։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը աջակցել է մասնակի նորոգմանն ու սանհանգույցի հարմարեցմանը։
Գորիսում գործում է Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բնակիչներին հարմարեցված առաջին սոցիալական տաքսի ծառայությունը։ Վերջինս ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։ Սոցիալական տաքսին տեղափոխում է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական խորհրդատվությունների և վերականգնողական միջամտությունների՝ բարելավելով նրանց շարժունակությունը և կյանքի որակը։
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում կառուցվել է նոր ոռոգման համակար, «R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիր» շրջանակում։Այն ապահովում է ոռոգման ջուր Հալիձոր համայնքի բոլոր գյուղատնտեսական հողատարածքներին՝ ընդհանուր շուրջ 55 հեկտար, 700 տնային տնտեսություն և 3,378 բնակիչ, ներառյալ փախստականներ և այլ խոցելի խմբեր։ Համակարգի հզորությունը բավարար է Շինուհայրի բոլոր հողատարածքները ջրով ապահովելու համար՝ ներքին բաշխիչ ցանցի և միացման աշխատանքների ավարտից հետո։
Կապանում բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը հիմնվել է «Ես փոխվում եմ»՝ նախկին դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման ծրագրի շրջանակում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։ Տպագրատունը ստեղծվել է ազատազրկումից դուրս եկած կամ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց համար կայուն զբաղվածության հնարավորություններ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև տրամադրում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական աջակցություն և վերամասնագիտացման հնարավորություններ՝ աջակցելով շուրջ 40 անձանց՝ վերաինտեգրվելու հասարակության մեջ։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիք կատարած այցի շրջանակում դեսպաններն ու հյուրերը Գորիսում այցելել են նաև Ֆրանսիայի՝ 2025-ի հունիսին բացված պատվո հյուպատոսարան ՝ ծանոթանալու դրա գործառույթներին և գործունեությանը:


