Տպել
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր պանելային քննարկում, որի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի փոխտնօրեն Մերի Յոլյանը և ուսանող Մանե Արջունցը պատասխանեցին օրվան համահունչ հարցերին, ու քննարկում ծավալվեց ուսանողների հմտությունների, աշխատաշուկայի պահանջների, երիտասարդական պետական քաղաքականության, այլ հարցերի շուրջ։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՇՎԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
19.11.2025
Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել էին մարզում գործող բուհերի, քոլեջների, արհեստագործական ուսումնարանների ղեկավարներն ու ներկայացուցիչներ ուսանողական կազմից՝ շնորհավորանքներ լսելու և օրը միասին նշելու համար, բարձրաձայնելու երիտասարդության դերակատարության ու առկա խնդիրների մասին։
Ներկաներին շնորհավորեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ քայլեր կձեռնարկվեն մարզի կառավարման, որոշումների կայացման գործընթացում բուհերի, քոլեջների մասնակցությունն ապահովելու համար, քանի որ այս կրթօջախներում կուտակվող գիտելիքներն ու էներգիան պետք է առավելագույնս օգտագործվի։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր պանելային քննարկում, որի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի փոխտնօրեն Մերի Յոլյանը և ուսանող Մանե Արջունցը պատասխանեցին օրվան համահունչ հարցերին, ու քննարկում ծավալվեց ուսանողների հմտությունների, աշխատաշուկայի պահանջների, երիտասարդական պետական քաղաքականության, այլ հարցերի շուրջ։
Ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ նաև առաջարկ հնչեց, ու որոշվեց քննարկել մարզպետին կից ուսանողական խորհրդակցական մարմին ստեղծելու գաղափարը։
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Սյունիքի մարզպետի աշխատակազմը դրամաշնորհների մրցույթ էր հայտարարել բուհերի և քոլեջների համար՝ «Տարվա լավագույն գիտակրթական ծրագիր» ընտրելու նպատակով։ Նոյեմբերի 17-ին հայտարարվեցին նաև ստացված ուսանողական հայտերից հաղթող ծրագրերը։ Ըստ այդմ՝ նախաձեռնությունների իրականացման համար դրամաշնորհներ կստանան
-Գորիսի պետական համալսարանի,
-Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի,
- Կապանի բժշկական պետական քոլեջի ուսանողները։
Միջոցառման ընթացքում նաև համագործակցության ու աջակցման պայմանագրեր կնքվեցին միջազգային գործընկերոջ հետ։ Ավստրիական զարգացման գործակալության «Սյունիքի վերականգնման դիմակայունության և զարգացման» (R2D) ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհին դիմել էին նաև մարզի մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունները, և հավանության էին արժանացել Սիսիանի պետական քոլեջի, Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ծրագրերը։ (R2D) ծրագրի թիմի ղեկավար Յարեկ Զարիխտան այս քոլեջների ղեկավարների հետ պայմանագրեր ստորագրեց, որոնց նպատակն է զարգացնել միքրո, փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունները։










