Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաժողով՝«Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով
04.12.2025
Դեկտեմբերի 3-ին նշվող` Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեկ կայացավ համաժողով՝ «Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով։
Համաժողովի նպատակներն ու խնդիրներն իր ողջույնի խոսքում ներկայացրեց կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հանդես եկավ «Համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը ՀՀ-ում» զեկուցումով։ Նա խոսեց այն իրական առաջընթացի, պետության կողմից ջանքերի և փոփոխությունների մասին, որոնք արդեն ստեղծում են ավելի ներառական Հայաստան՝ յուրաքանչյուր երեխայի համար կրթության հավասար իրավունք ապահովելով։ Հատկապես կարևորվեց, որ այսօր ՀՀ-ում կառուցվում և վերակառուցվում են դպրոցներ, որոնք ունեն թեքահարթակներ և հասանելի միջանցքներ, հարմարեցված սանհանգույցներ, լսողական ու տեսողական աջակցության տեխնոլոգիաներ, հաղորդակցական մատչելիության լուծումներ։ Ընդլայնվում են նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, աջակցող մասնագետների թիմերը՝ հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ։
Հնչեցին նաև այլ զեկուցումներ՝ ներառական կրթության արդյունավետ իրականացման, ԿԱՊԿՈՒ սովորողների ուսուցման գործընթացում նորարարական մեթոդների, զգայական ինտեգրման դերի մասին։
Միջոցառման շրջանակում կազմակերպվեցին արտ-թերապևտիկ աշխատանքներ ևս՝ տարբեր թեմաներով։
Համաժողովին մասնակցում էին Կապանի տարածաշրջանի կրթական հաստատությունների այն մասնագետները, որոնք աշխատում են ԿԱՊԿՈՒ երեխաների հետ, և նրանց համար նաև իրենց նկատառումները ներկայացրեցին թիվ 3 հատուկ կրթահամալրի աշխատակիցները՝ որոնք այս համատեքստում առավել մեծ աշխատանքի փորձ ունեն։
Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները հանդես եկան գեղարվեստական համարներով՝ ներկայացնելով պարեր, բեմադրություն, երաժշտական համարներ։







