Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպարտակիադայում մայրաքաղաքից հետո երկրորդ պատվավոր տեղում Սյունիքի մարզն է
08.12.2025
ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները:
Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025» մարզական ծրագրին ակտիվ ներգրավվածության, կազմակերպչական արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Նա ընդգծել է, որ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու մարզական մշակույթի զարգացումը համընդհանուր առաջնահերթություն են։
ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով. մասնակցել է շուրջ 23360 աշակերտ: Սպարտակիադային 1-ից 3-րդ տեղեր գրաված մարզերը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույքով, իսկ 4-ից 11-րդ տեղեր գրաված մարզերը՝ շնորհակալագրերով և մարզագույքով:
Սպարտակիադայում առաջին տեղը գրավել է Երևան քաղաքը (830 միավոր, 450 հազար դրամի մարզագույք),
երկրորդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը (610 միավոր, 350 հազար դրամի մարզագույք), լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզը (610 միավոր, 250 հազար դրամի մարզագույք):
Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել նաև մարզաձևերի ֆեդերացիաների աջակցությունը, որոնք զգալի ներդրում են ունեցել մրցումների կայացման գործում։ Սպարտակիադայի ծրագրում ներգրավված են եղել բասկետբոլի, վոլեյբոլի, աթլետիկայի, բազկամարտի, հրաձգության, շախմատի և սեղանի թենիսի ֆեդերացիաները։


