Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2026

 Սիրելի՛ հայրենակիցներ

Հայոց բանակի հարգարժա՛ն սպաներ և զինվորներ
Այսօր մեր պետականության ամենանվիրական տոներից մեկն է՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը։
Հունվարի 28-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական կամքը, ազատ ապրելու իրավունքն ու պետականության կերտման՝ մեր ընտրած հաստատուն ճանապարհը։
Բանակը ստեղծվեց մեր նորանկախ հայրենիքի համար բարդ ու վճռորոշ տարիներին՝ միասնական կամքի և նվիրվածության շնորհիվ։ Տարիների ընթացքում այն դարձավ Հայաստանի անվտանգության, խաղաղ կյանքի և պետականության ամրության հիմնասյուներից մեկը։
Խորին երախտագիտությունս բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել կանոնավոր բանակի ստեղծման ակունքներում, ովքեր տարբեր ժամանակներում մասնակցել են նրա կազմավորմանը, կայացմանն ու հզորացմանը, բոլոր նվիրյալներին, որոնց ծառայությամբ ամրապնդվել է մեր պաշտպանական համակարգը։
Այս տարի Բանակի օրվա նախօրեն առանձնահատուկ բովանդակություն ուներ։
Երեկ մեր երկրում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Այն լոկ հիշատակման արարողություն չէր, այլ բարոյական հիմք և խոնարհումի վերահաստատում այն հերոսների առջև, ովքեր անմնացորդ սիրով իրենց կյանքը նվիրեցին հայրենի հողին՝ հանուն անկախ պետականության և մեր ժողովրդի անվտանգ ապագայի։ Նրանց սխրանքը մեր ապրելու և արարելու իրավունքի գինն է, նրանց հիշատակը՝ Հայոց բանակի հարատևության գրավականը, իսկ մեզ համար պարտավորություն է՝ պահպանելու, զորացնելու Հայաստան պետությունը։
Այսօր բոլորիս առանձնահատուկ շնորհակալությունն ուղղված է այն զինվորներին և սպաներին, որոնք օր ու գիշեր կանգնած են մեր սահմաններին։
Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով մեր զինվորներին խաղաղ ծառայություն, ուժ և ամուր կամք, իսկ մեր ժողովրդին՝ միասնություն, խոհեմություն և վստահություն Հայաստանի վաղվա օրվա նկատմամբ։
Կեցցե՛ Հայոց բանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 16:48:16