Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09.03.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր
Գարնանային այս լուսավոր տոնը՝ Մարտի 8-ը, լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր անփոխարինելի ներկայությունը մեր կյանքում և արտահայտելու մեր ջերմ երախտագիտությունն ու հարգանքը։
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ ձեր քնքշությունն ու հմայքը խորհրդանշող այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի առթիվ։
Դուք, հիրավի, մեր ավանդույթների պահապանն եք, ազգային ինքնության ամուր հենասյունը:
Ձեր անսպառ հոգատարությամբ են ամրանում ընտանիքը, արժանապատիվ դաստիարակություն ստանում երեխաները և նաև՝ ամրանում պետությունը։ Օժտված լինելով բազմաթիվ դերեր հեշտությամբ համատեղելու զարմանալի ունակությամբ՝ անգնահատելի ավանդ ունեք մեր մարզի ու երկրի զարգացման գործում։ Ձեր եռանդի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հաջողությամբ գործում եք առողջապահության, կրթության, մշակույթի, գիտության, գործարարության, քաղաքականության, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում։
Դուք այն ուժն եք, որը դժվարագույն պահերին անգամ չի ընկրկում, որը ստեղծում է խաղաղության ու կյանքի շարունակականության այն միջավայրը, առանց որի անհնար է պատկերացնել մեր մարզի առաջընթացը։
Իսկ մեր հանձնառությունն է շարունակել ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ կինը կկարողանա լիովին դրսևորել իր մասնագիտական ներուժը, որտեղ պաշտպանված կլինեն նրա իրավունքները, լսելի կլինի ձայնը, և անխախտ կմնա ընտանիքի անվտանգությունը։
Սիրելի՛ կանայք, թո՛ղ բնության զարթոնքն ու գարնան շունչը միշտ ուղեկցեն ձեզ։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, մասնագիտական վերելքներ, ստեղծագործ ուժ, անսպառ երջանկություն և խաղաղություն։ Թո՛ղ գարունը ողջ տարվա ընթացքում ծաղկի ձեր հոգիներում և ջերմություն սփռի ձեր շուրջը։
Եղե՛ք սիրված, գնահատված և երջանիկ:


