Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԵՂՐԻՈՒՄ
19.05.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մայիսի 16-ին Մեղրիում մասնակցել է Արհեստների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի կրում էր «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։
Բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և պաշտոնատար այլ անձինք։ Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։
Երկօրյա միջոցառումները լավ առիթ էին մեղրեցի արհեստագործների ու արվեստագետների համար՝ ցուցադրելու իրենց աշխատանքները, շփվելու այլազգի ստեղծագործողների հետ, նաև ներկայացնելու Մեղրիի մշակութային ներուժը։
Փառատոնի ընթացքում քաղաքն ընդունել էր տոնական տեսք․ ամեն անկյունը ապրում էր յուրովի՝ իր գույնով, իր հոտով, իր ձևով, միևնույն ժամանակ ներկայացնում տարածաշրջանի կոլորիտային պատկերը։
Տարբեր ազգերի երգ ու երաժշտության ներքո փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալու նաև նրանց խոհանոցին ու կենցաղավարությանը։ Հմուտ վարպետները ստեղծագործում էին տեղում՝ գրավելով ներկաների ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Փառատոնի շրջանակում նախատեսվել էին խեցեգործության, կարպետագործության, թաղիքագործության, ծղոտագործության, տիկինիկագործության և Սյունիքի ավանդական ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։
Ներկաները մասնակցեցին նաև Համաբարձման տոնին նվիրված ծեսին, վայելեցին լարախաղացի ներկայացումը։
Երկօրյա միջոցառումներն ավարտվեցին համերգային ծրագրով։










