Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԸ՝ ԱՊՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

24.07.2026

Հուլիսի 23-ին հանդիսավորությամբ Կապան քաղաքին է հանձնվել 2026թ․ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը:
Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը․ «Կապանին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի պատվավոր կոչումը շնորհելը ոչ միայն քաղաքի ներուժի ճանաչում է, այլև կարևոր վկայություն մեր երկրի, նրա երիտասարդական քաղաքականության և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված հանձնառության նկատմամբ տածած վստահության»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր ելույթում նշել է, որ այս իրադարձությունը պարզապես գեղեցիկ կարգավիճակ չէ, այլ շատ հստակ գնահատական այն մեծ ներուժին, կամքին և էներգիային, որն ունեն Կապանի և, առհասարակ, Սյունիքի երիտասարդները․ «Նրանք ամեն օր ապացուցում են, որ ոչ միայն իրենց համայնքների զարգացման շարժիչ ուժն են, այլև ունակ են գեներացնել նորարար գաղափարներ և հանդես գալ համարձակ նախաձեռնություններով»։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին և գործընկերներին, կարևորել է, որ այս հնարավորությունը վերածվի իրական արդյունքների, որոնք կկրեն երկարաժամկետ բնույթ՝ նպաստելով Կապանի ճանաչելիության բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում թողարկվել ու շրջանառության մեջ է դրվել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով փոստային նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Կապանը` ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը: 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կապանի քաղաքային միջավայրը:
Արարողությանը ներկա են եղել ԱՊՀ անդամ պետությունների, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, ԱՊՀ երկրների երիտասարդներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, Կապան քաղաքի հյուրեր:
Միջոցառումն ամփոփվել է համերգային ծրագրով, ելույթ է ունեցել Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-07 16:43:20