Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ՝ ԿԱՊԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
11.08.2026
Կապանի պետական բժշկական քոլեջում տեղի է ունեցել սենսորային ուսուցման նորաբաց լաբորատորիայի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը, քոլեջի տնօրենությունը, դասախոսական կազմը, ուսանողները և հյուրեր։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նախաձեռնության հաջող իրականացման կապակցությամբ՝ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը կարևորել է նմանատիպ արդիական կրթական միջավայրերի ստեղծումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Սենսորային ուսուցման լաբորատորիայի հիմնումը էական քայլ է քոլեջում դուալ կրթության, սենսորային ուսուցման ու ներառական խնամքի ժամանակակից մոտեցումների ներդրման, ինչպես նաև ապագա բուժաշխատողների գործնական հմտությունների ու կարողությունների զարգացման ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանում առողջապահական և խնամքի ծառայությունների որակի բարձրացմանը։
Հիշեցնենք, որ 2025թ․ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի հայտարարած «Տարվա լավագույն գիտակրթական ծրագիր» դրամաշնորհային մրցույթում հաղթող էր ճանաչվել նաև Կապանի պետական բժշկական քոլեջը՝ «Դուալ կրթություն և սենսորային ուսուցում՝ ներառական խնամքի նոր մոտեցումներ Կապանի պետական բժշկական քոլեջում» նախագծով։ Այն իրականացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են քոլեջի ուսանողների և դասախոսների վերապատրաստման դասընթացներ՝ Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների ներգրավմամբ։


