Տպել
Հոբելյանական միջոցառումը կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել «Արվեստների և արհեստների» համահայկական 15-րդ փառատոնին
07.09.2026
Սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայացած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնի 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը Սյունիքը մասնակցել է իր ինքնատիպ տաղավարներով՝ ներկայացնելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային խոհանոցը։
Սիսիան համայնքն իր տաղավարում ներկայացրել է «Ա․ Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի ձեռագործ աշխատանքները, ազգային զարդանախշերով դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությունը և հյուրասիրել ներկաներին սյունյաց խոհանոցի ուտեստներով։ Մշակութային ծրագիրն ապահովել է «Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի» ժողովրդական գործիքների համույթը՝ հայ ժողովրդական և գուսանական երգերի կատարումներով։
Տեղ համայնքը նույնպես ինքնատիպ տաղավարով էր հանդես եկել․ «Տեղ համայնքի մշակույթի տունը» և «Արար» հայ արվեստի պահպանման կենտրոնը» ներկայացրել են ազգային խոհանոցը, թանգարանային նմուշներն ու շնորհալի ստեղծագործողների ձեռքի աշխատանքները։ Այստեղ անցկացվել են կարպետագործության վարպետաց դասեր, ինչպես նաև տեղում պատրաստվել է ժենգյալով հաց։
Գորիս համայնքի տաղավարը ներկայացրել է Սյունիքի գինեգործական մշակույթը՝ երիտասարդ գինեգործ-վարպետ Համբարձում Հայրապետյանի «Դամար» գինու ցուցադրությամբ, համտես-հյուրասիրությամբ և Գորիսում գինեգործության ոլորտի զարգացման պատմության ներկայացմամբ։
Հոբելյանական միջոցառումը կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։
Փառատոնն ավանդաբար կազմակերպում է «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև մարզպետի աշխատակազմերի աջակցությամբ։
Սյունիքի մարզի մասնակցության պատասխանատուն էր ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը․ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը և գլխավոր մասնագետ Թամարա Կարապետյանը պարգևատրվել են հավաստագրերով՝ փառատոնին մարզի մասնակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև ազգային մշակութային ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը նպաստելու համար։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչներ, մշակութային կենտրոններ, արվեստի դպրոցներ, անհատ ստեղծագործողներ, վարպետներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանություններ։


