Մարզպետի աշխատակազմ
Կանոնադրություն
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` մարզպետի աշխատակազմ), մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով մարզում իրագործում է Կառավարության տարածքային քաղաքականությունը:
2. Մարզպետի աշխատակազմի ստեղծման, վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
4. Մարզպետի աշխատակազմի անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ.
2) ռուսերեն` Ապպարատ Մարզպետա Սյունիկա Րեսպուբլիկի Արմենիյա.
3) անգլերեն` Staff of Syunik Marzpet of tհe Republic of Armenia.
4) ֆրանսերեն` Personnel du Marzpet de Syunik de la Republique d'Armenie:
5. Մարզպետի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Մարզպետի աշխատակազմը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են մարզպետի, մարզպետի տեղակալների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների, մարզպետի օգնականների, մարզպետի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Մարզպետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:
8. Մարզպետի աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
9. Մարզպետի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, 3301, ք. Կապան, Գ. Նժդեհի 1:
2. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Մարզպետի աշխատակազմի գործունեության նպատակներն են`
1) մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, շահագործման ու զարգացման գործընթացներում անհրաժեշտ մասնակցության ապահովումը.
4) մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը.
5) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության ապահովումը:
11. Մարզպետի աշխատակազմի գործունեության խնդիրներն են`
1) մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում մշակված գործունեության ծրագրերի իրագործման ապահովումը.
2) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը և դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը.
3) մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցվածության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց վերացման ապահովումը.
4) մարզի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակմանն աջակցելը.
5) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ պետություն-համայնք համագործակցության արդյունավետության ապահովումը.
6) մարզի տարածքում տնտեսական ակտիվությունը խթանելու, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ տեղեկատվական հենքի ձևավորման աշխատանքների ապահովումը:
12. Մարզպետի աշխատակազմի գործառույթներն են`
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին (այսուհետ` լիազորված մարմին).
2) քննարկում է մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապետարանների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները).
3) մշակում է իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին` ծրագրերում չընդգրկված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ համաձայնություն ստանալու համար.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական և մասնագիտական հսկողություն.
5) հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.
6) սահմանված կարգով համագործակցում է այլ պետությունների վարչատարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների հետ.
7) մշակում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.
8) իր իրավասությունների սահմաններում աջակցում է մարզում համայնք-մասնավոր, պետություն-մասնավոր, պետություն-համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը.
9) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի, այդ թվում` կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման ու հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում.
10) իր իրավասության սահմաններում մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը.
11) մշակում և զարգացման ռազմավարություններում ներառում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրեր, կազմակերպում և համակարգում է դրանց իրականացումը.
12) համագործակցելով արտակարգ իրավիճակների ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ կազմակերպում և ապահովում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում գործելու բազմակողմանի ուսուցողական ծրագրերի ներդրումը, աջակցում է ուսումնավարժանքների կազմակերպմանը.
13) ապահովում է պաշտպանության բնագավառում մարզպետին և մարզպետի աշխատակազմին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը.
14) կազմակերպում և ղեկավարում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը.
15) մշակում է մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկություններ և աջակցում է դրանց իրագործման աշխատանքներին.
16) մարզում աղբահանության կառավարման մոդելների, օպերատորների ներգրավման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակներում այլ գործառույթներ.
18) մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման աշխատանքներին.
19) իր իրավասությունների սահմաններում նպաստում է սոցիալական աջակցության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացմանը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդների միջոցով:
3. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Մարզպետի աշխատակազմի համակարգումն իրականացնում է տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը (այսուհետ` լիազորված մարմինը):
14. Հայաստանի Հանրապետության վարչապետը`
1) հաստատում է մարզպետի աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և կատարում կանոնադրության և կառուցվածքային փոփոխություններ.
2) սահմանում է մարզպետի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.
3) հաստատում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
4) վերահսկողություն է իրականացնում մարզպետի աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ:
15. Լիազորված մարմինը`
1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով` համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.
2) քննարկում և համադրում է, տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.
3) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
4) իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.
5) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
6) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.
7) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.
8) մարզպետից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:
17. Մարզպետը ղեկավարում է մարզպետի աշխատակազմի գործունեությունը:
18. Մարզպետին անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարները, մարզպետի խորհրդականները, օգնականները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
19. Մարզպետը`
1) ապահովում է մարզում պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումը.
2) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.
3) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.
4) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
5) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.
6) սահմանված կարգով նախապատրաստում և լիազորված մարմնի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն` մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.
7) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.
8) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմնին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.
9) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.
10) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
11) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին` իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.
12) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.
13) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում.
14) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.
15) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները.
16) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը կարող է վերապահել իրեն, ինչպես նաև մարզպետի տեղակալներին` բացառությամբ սույն կետի 17-րդ ենթակետով նախատեսված դեպքի.
17) գլխավոր քարտուղարին է վերապահում մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության գործառույթների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը.
18) հաստատում է մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը.
19) հաստատում է մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը.
20) հանձնարարականներ և ցուցումներ է տալիս մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին, իր տեղակալներին և գլխավոր քարտուղարին.
21) պատասխանատու է մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
22) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
23) իրականացնում է մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.
24) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
25) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
26) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունն արդյունավետ իրագործելու նպատակով, կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ.
27) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրականացնում է վարչական վարույթ.
28) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
29) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
30) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում մարզպետի աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների կամ կոլեգիալ կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
31) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
32) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների, խորհրդականների, օգնականների միջև.
33) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
20. Մարզպետն ընդունում է որոշումներ:
21. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
22. Մարզպետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` մարզպետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
23. Մարզպետի տեղակալը (տեղակալները)`
1) գործում է մարզպետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է մարզպետի հանձնարարականները, ապահովում է կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների կողմից մարզպետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է մարզպետի այլ ցուցումներ և հանձնարարականներ:
24. Մարզպետի տեղակալներն օրենքով նախատեսված դեպքերում կարող են ունենալ օգնականներ: Մարզպետի տեղակալների օգնականներն անմիջական հաշվետու են մարզպետի տեղակալներին:
25. Մարզպետի աշխատակազմը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
26. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է մարզպետի աշխատակազմի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:
28. Գլխավոր քարտուղարը`
1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մարզպետի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարզպետի աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) մարզպետին ներկայացնում է մարզպետի աշխատակազմի տարեկան հաշվեկշիռը.
5) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) մարզպետին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է մարզպետի տեղակալների, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին փոխանցում է մարզպետի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով մարզպետին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, մարզպետի և մարզպետի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:
29. Գլխավոր քարտուղարի բացակայության ժամանակ պարտականություններն իրականացնում է վերջինիս պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող անձը:
4. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
30. Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն.
2) առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն.
4) կրթության, մշակույթի և սպորտի վարչություն.
5) զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին.
6) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն.
7) զորահավաքային նախապատրաստության բաժին:
31. Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) ֆինանսական վարչություն.
2) անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն.
3) իրավաբանական բաժին:
5. ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
32. Մարզպետի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
33. Մարզպետի աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մարզպետի աշխատակազմին տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
34. Մարզպետի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:
35. Մարզպետի աշխատակազմը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
36. Մարզպետի աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:
6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Մարզպետի աշխատակազմը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
38. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
39. Մարզպետի աշխատակազմի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
40. Մարզպետի աշխատակազմի կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:
41. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որը հանդիսանում է նաև գլխավոր ֆինանսիստը և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
Հավելված N 9
ՀՀ վարչապետի
2022 թվականի դեկտեմբերի 29-ին
N 1550-Լ որոշման