Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Կազմակերպություններ

Ազգային փոքրամասնություններ

ՀՀ Սյունիքի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ 


    Սյունիքի մարզում ազգային փոքրամասնություններով բնակեցված կոմպակտ բնակավայրեր չկան: Վերջին, 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Սյունիքի մարզում բնակվում էր ազգային փոքրամասնությունների ընդամենը 472 ներկայացուցիչ, որից` 253-ը ռուսներ, 41-ը` ուկրաինացիներ, 178-ը` այլազգիներ:
    Ազգային փոքրամասնությունների լեզուներից մարզում գործածվում է միայն ռուսերենը: Ազգային փոքրամասնությունների կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում ռուսերենով հաղորդակցվելու խնդիրներ չեն առաջացել:
    Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից կառուցված պատմական հուշարձաններից պահպանվել է Կապանի Կավարտ թաղամասի հույն պղնձագործների` Բաշքյանդ նախկին գյուղատեղիում 1860-ական թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին` մարզի միակ հունական եկեղեցին, որը, սակայն, նստվածքային և հողասահքի երեւույթների պատճառով ենթակա է տեղափոխման: Տեղափոխման և նոր վայրում վերականգնման ծրագիրը ներառված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկում:
    Մարզում բնակվող ազգային փոքրամասնությունները ներգրավված են հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին: Մարզում գործում է «Ռոսսիյանե» հասարակական կազմակերպությունը, որը ակտիվորեն մասնակցում է մարզի հասարակական կյանքին եւ համագործակցում է պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ: 
    «Ռոսսիյանե» հայ-ռուսական հասարակական կազմակերպությունը 1992թ. հիմնադրել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, Լենինգրադյան բլոկադայի մասնակից Գալինա Բորիսովնա Գավրիլովնա-Աղախանյանը, Կապան քաղաքում: Իրավաբանական հասցեն` ք. Կապան, Ա. Մանուկյան փողոց, թիվ 3 դպրոց:
    Կազմակերպությունը ստեղծվեց Հայաստանի և հատկապես Կապանի համար ծանր օրերին և իրականացրեց բազմաթիվ հայրենանվեր գործեր` բարեգործական երեկոներ, համերգներ, աջակցություն 1992-1994թթ Արցախյան պատերազմի վիրավորներին և փախստականներին:
    Ստեղծման առաջին իսկ օրվանից կազմակերպության անդամների որդեգրած առաքելությունը մեկն էր. պահպանել և սերունդներին փոխանցել դարերի խորքից եկող ու առ այսօր հայ և ռուս ժողովուրներին միավորող` պատմության, մշակույթի, հավատքի և մարտական փառքի արժեքները: 
    «Ռոսսիյանե» հայ-ռուսական հասարակական կազմակերպությունը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի կազմում:
    Կազմակերպությանը կարելի է բազմազգ համարել, քանի որ անդամակցում են 200-ից ավելի մարդ, այդ թվում հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ, ասետիններ եւ այլն:
    Ամեն տարի կազմակերպվում են կլոր սեղաններ «Ռուսաց լեզուն իմ, իմ ընտանիքի, իմ քաղաքի և իմ հանրապետության կյանքում» թեմաներով:
    Ի թիվս այլ կազմակերպությունների ՀԿ-ի անդամները հատկապես սերտ համագործակցում են Մեղրիի սահմանապահ զորքերի ղեկավարության և Լեռնաձորի դպրոցի հետ: Նրանց հետ ամենամյա բազմաբնույթ միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել:
    Կազմակերպության նախաձեռնությամբ 2005 թվականին Կապան քաղաքում Շմավոն Մովսիսյանի` մարտական փառքի թանգարանում բացվեց հայ-ռուսական բարեկամության սենյակ, որտեղ հաճախակի են տեղի ունենում քննարկումներ, ազգային հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ:
    2010 թվականից «Ռոսսիյանե» հայ-ռուսական հասարակական կազմակերպությունը ղեկավարում է Գալինա Աղախանյանի դուստրը` Լյուդմիլա Աղախանյանը:

  Պատկերասրահ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 17:25:11