Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` Սյունիքում
13.09.2011
Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն' «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով: Միջոցառումը երեկ Կապանում մեկնարկած հրդեհների կառավարման թեմայով երկօրյա ուսուցողական ծրագրի մի մասն էր, որը կազմակերպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Ուսուցողական դասընթացին, որն անցկացվել է Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, մասնակցել է մարզի հրշեջ ծառայության մոտ 50 ներկայացուցիչ: Մասնակցիները ծանոթացել են անտառային հրդեհների կառավարման միջազգային փորձին, արդի մեթոդներին, ձեռք են բերել արդի տեխնիկայի օգտագործման հմտություններ: Դասընթացը վարել են «Հրդեհների կառավարման գլոբալ կենտրոն»-ի (GFMC) տնօրեն պրոֆեսոր Յոհան Գոլդամերը, Մակեդոնիայից և այլ երկրներից ժամանած «Տարածաշրջանային անտառների հրդեհների ցանցի» ներկայացուցիչներ:
Այսօր Գեղանուշ գյուղի վարչական տարածքում կազմակերպված ուսումնավարժության ընթացքում դասընթացի մասնակիցները հնարավարություն ունեցան գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները: Հրամանատարաշտաբային ուսումնավարժությունները մեկնարկեցին մարզպետարանի դահլիճում կազմակերպված հավաքով, որտեղ ներկայացվեց ՀՇՈՒ մտահողացումը եւ ընդունվեց որոշում: Այնուհետեւ տեղանքում իրականացվեցին պրակտիկ ցուցադրական գործողություններ' հրդեհների մարում, տուժողների բուժօգնության կազմակերպում եւ այլն: Կազմակերպվեց նաեւ հրդեհաշիջման տեխնիկայի, սարքավորումների ցուցադրություն, որից հետո ամփոփվեցին ՀՇՈՒ-ի արդյունքները:
Կապանում անցկացված հրամանատարաշտաբային ուսումնավարժությունները ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Սյունիքում անցկացված վերապատրաստման այս ծրագրին վաղը կհաջորդի Երեւանում անցկացվելիք համաժողով-քննարկումը, որի ժամանակ հրդեհների կառավարմամբ զբաղվող պետական կառույցների, ՏԻՄ-երի եւ քաղաքացիական հասարակության շուրջ 100 ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն հանրապետությունում արձանագրվող անտառային հրդեհներին առնչվող խնդիրները, այդ գործում միջազգային կառույցների հետ համագործակցության հնարավորությունները: Այս ուսուցողական ծրագիրը Հարավային Կովկասում իրականացվող տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որին սատարում է «Շրջակա միջվայր եւ անվտանգություն» նախաձեռնությունը' վեց միջազգային կառույցների գործընկերությամբ: