Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիս քաղաքում մեկնարկեց "Կինոաշուն-2011" ազգային կինոյի ամիս" ծրագիրը
25.09.2011
Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց “Կինոաշուն-2011” ազգային կինոյի ամիս” ծրագիրը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ Կինոաշունն այս տարի նվիրվում է անկախության 20-ամյակին և կընդդգրկի հանրապետության բոլոր մարզերը։
Մեկ ամսվա ընթացքում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզկենտրոններում ու համայնքներում կցուցադրվի անկախության տարիների կինոարտադրանքը։ Ծրագրի նախաձեռնողն է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, հովանավորն է Ռուսաստանի հայերի միությունը և Հայերի համաշխարհային կոնգրեսը։
“Կինոաշուն-2011”-ի բացումը տեղի ունեցավ Գորիս քաղաքի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով, ծրագրի մեկնարկը Գորիսում սկսելը պատահական չէր, քանի որ Սյունիքը եղել է հայոց պետականության երկիրը: Նա նշեց, որ նախորդ տարի ծրագրի սկիզբը եղել էր Երևանում, այսուհետ կմեկնարկի մարզերում և կեզրափակվի մայրաքաղաքում, հավելելով, որ մարզային ցուցադրությունները կանցակցվեն միաժամանակ մի քանի մարզերում' փորձելով այստեղ ևս աշխուժացնել մշակութային կյանքը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ հնարավորինս կաջակցի կինոթատրոնների վերաբացմանը և հույս հայտնեց, որ “Կինոաշուն” ազգային կինոյի ծրագիրը կմեկնարկի հենց այդ դահլիճներից:
Գորիսում կինոթատրոնների վերաբացման հետ կապված' Գևորգ Գևորգյանը ողջունեց այդ նախաձեռնությունը' հավաստիացնելով, որ նման քայլն օրինակ կլինի մյուս մարզերի համար:
Միջոցառման վերջում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի, արվեստի, ազգային կինոարտադրության բնագավառներում ներդրած ավանդի և մարզի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանին պարգևատրեց “Ակսել Բակունց” հուշամեդալով:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց 60-ականների սկզբին նկարահանված "Զանգեզուրի լեռներում" գեղարվեստական ֆիլմը, որն անդրադառնում է մարզի քաղաքների մշակույթի և լեռնամետալուրգիայի զարգացմանը: