Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը
26.09.2011
Սյունիքի մարզխորհրդի սեպտեմբերի 26-ի կայացած հերթական նիստում քննարկվեցին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների և աշնանացանի ընթացքը, առաջիկա մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
“Մարզի համայնքների սեփական եկամուտների 8 ամսվա համար նախատեսված 670 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 564 մլն դրամ, կամ նախատեսվածի 84 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման աճը կազմել է 8 տոկոս: 2011-ին որոշակի աճ է արձանագրվել համայնքի սեփականությւոն հանդիսացող հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների կատարման գործում”, - իր ելույթում նշեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը: Նշվեցին մարզի Բնունիս, Թասիկ, Ծղուկ, Նժդեհ, Տոլորս, Վարդավանք, Սվարանց համայնքները, որոնց կողմից վարձավճարների հավաքագրման մակարդակը չի գերազանցում նախատեսվածի 20 տոկոսը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սեփական եկամուտների հավաքագրման գործում թերացող համայնքների ղեկավարներին հանձնարարեց մինչև ամսվա վերջ նախատեսված եկամուտները հավաքագրել 100 տոկոսով:
Մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի մարզում կատարվում է 26-29 հազ. հա հացահատիկային մշակաբույսերի ցանքս, մինչդեռ մարզում չեն մշակվում 6 հազ. 800 հա վարելահողեր: Մարզպետը համայնքների ղեկավարներին հանձնարարեց' այս տարի մարզում աշնանացանի ծավալները մեծացնել երկու անգամ, ինչի համար անհրաժեշտ սերմացուի խնդիրը կլուծի ինքը:
Այս տարվա հոկտեմբերի 12-21-ը հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների մասին ելույթ ունեցավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանը: Նա մասնավորապես ասաց, որ մարզում մարդահամարի անցկացումը ճիշտ կազմակերպելու և բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար արդեն կազմվել են մարդահամարն անցկացնելու տարածքային կազմակերպական պլանները, մարզում ստեղծվել են մարդահամար 10 տեղամասեր, որոնք բաժանվել են 550 հաշվային տեղամասերի:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը' ՀՀ Սյունիքի մարզպետը նախ շնորհավորեց ներկաներին անկախության 20-ամյակի առթիվ և հույս հայտնեց, որ բարձրացված բոլոր խնդիրներն իրենց լուծումները կստանան համայնքների ղեկավարների կողմից: