Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը

25.10.2011

Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղում երեկ հանդիսավորությամբ բացվեց հիմնանորոգված դպրոցի շենքը։
Այն հիմնանորոգվել է "ԱՄՆ հայ կրթական հիմնարկության" հայաստանյան մասնաճյուղի կողմից` բարերար-ամուսիններ Վահիկ և Ալիսա Պետրոսյանների ներդրած 5 մլն դրամ գումարով։
Ամբողջովին փոխվել են գյուղի միհարկանի դպրոցի շենքի դռներն ու լուսամուտները, հատակը, նորոգվել է սանհանգույցը, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, նորացվել է դպրոցական գույքը։
Բացման հանդիսությանը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, մայրաքաղաքում, Կապանում ու Գորիսում բնակվող տանձատափցիներ, բարերարները, որոնց աղ ու հացով դիմավորեցին գյուղում։
«Սա մեր առաջին հովանավորությունը չէ։ Այս անգամ աջակցել է նաև տղաս և համատեղ, մեր թոռնիկների անունից նորոգել ենք այս շենքը։ Ուզում ենք այնպես անել, որ գյուղերը չդատարկվեն, մեր երազը դա է։ Մեր երեխաների ուսմամբ, միայն նրանցով կարելի է երկիրը պահել», - ասաց Ալիսա Պետրոսյանը։ Տանձատափի դպրոց այս տարի 9 երեխա է հաճախում, սակայն, գյուղապետի հավաստմամբ, այդ թիվը աճման միտում ունի։ Դպրոցն ապահովված է մանկավարժական կադրերով։
«Պետությունը ուժեղ է գյուղով, իսկ գյուղի համար ամենակարևորը դպրոց ունենալն է։ Մարզում ունենք շատ գյուղական դպրոցներ, որոնք փորձում ենք պահպանել, անկախ այն բանից, թե այնտեղ չորս կամ հինգ աշակերտ է հաճախում։ Վերջին հինգ տարիներին սա է խնդիրը։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում գյուղից հեռացածները ետ վերադառնան։ Իսկ մարդիկ ավելի հեշտ կգան, եթե գյուղում դպրոց լինի։ Նրանց համար առաջնահերթը իրենց երեխաներին կրթության հարցն է», - ասաց ՀՀ Սյունիքի մարզպետը։
Հանդիսության վերջում, որն ավարտվեց տոնախմբությամբ, հովանավորները ևս 2 հազ. ԱՄՆ դոլար ներդրում կատարեցին գյուղում գրադարան հիմնելու և դպրոցի այլ ծախսեր հոգալու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24