Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ծանոթացել է ագարակցիներին հուզող խնդիրներին
18.11.2011
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին այցելել է Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաք, որտեղ ծանոթացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այս տարի տրամադրված 40 մլն դրամով իրականացված քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է քաղաքի թաղամասերով, ծանոթացել ընթացիկ խնդիրներին, քննարկել դրանց լուծմանն ուղղված հարցեր:
Ագարակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է նաև բնակիչների հետ, ովքեր մարզպետին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները:
Մասնավորապես, առաջարկություն է եղել Ագարակում հիմնել թունաքիմիկատների սպասարկման կետ, լուծում տալ սեփականաշնորհված, սակայն տարիներով չմշակվող հողերի խնդրին, եղել են թոշակներին, նպաստներին առնչվող սոցիալական հարցեր, որոնց մարզպետը խոստացել է լուծում տալ:
«Վերջին երեք տարիներին Ագարակում լայնածավալ աշխատանքներ են կատարվել բոլոր ոլորտներում: Քաղաքապետին հաջողվել է համախմբել համայնքը, և ինձ ոգևորում է ձեր այսօրվա միասնությունը, ձեր այսօրվա տրամադրությունը: Ուրախ եմ, որ այսօր այստեղ ինձ ներկայացնում եք ավելի շատ ոչ թե բողոքներ, այլ լուրջ առաջարկներ», - նշել է մարզպետը: