Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն

24.02.2012

Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում գալիք աշնանը նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն: Այս մասին պայմանավորվածությունը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ" երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի միջեւ ձեռք է բերվել անցած տարվա հոկտեմբերին` Կապան կատարած այցի ժամանակ: Փառատոնի անցկացման համար ՀՀ Սյունիքի մարզպետը խոստացել է լուծել քոլեջի դահլիճի նորոգման խնդիրը, իսկ երգեհոնի նորոգման բարդ աշխատանքների կազմակերպման գործն իր վրա է վերցրել Տիգրան Հեքեքյանը: Այդ նպատակով էլ ճանաչված խմբավարը շվեյցարացի, երգեհոնի վարպետ Ֆերդինանտ Շտեմերի հետ ժամանել էր Կապան: Լինելով արվեստի քոլեջում` հյուրերը մարզպետ Ս. Խաչատրյանի հետ շրջեցին կրթօջախում, ծանոթացան քոլեջի սաների գեղանկարչական եւ ձեռքր աշխատանքներին, որից հետո հանդիպեցին ուսանողների ու անձնակազմի հետ: "Հազարամյակներ շարունակ մեր ազգին պահողը մեր մշակույթն է եղել: Յուրաքանչյուրիս պատքն է անել այնպես, որ պահպանենք, զարգացնենք մեր մշակույթը", - իր ելույթում ասաց մարզպետ Խաչատրյանը եւ հավաստիացրեց, որ բոլոր խնդիրները լուծվելու են եւ գալիք աշնանը, անպայման, միջազգային փառատոնը Կապանում կայանալու է: Մարզպետը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Հեքեքյանին` մարզում մշակույթի զարգացմանն աջակցելու համար: "Ես պաշտում եմ Սյունիքը: Ինքս սյունեցի չեմ, բայց ես հայ եմ ու իմ հայրենիքի ամեն մի կտոր հողն իմն եմ համարում", - ասաց Հեքեքյանը:
Ֆերդինանտ Շտեմերը խոստովանեց, որ երբ համաձայնեց գալ Կապան, քաղաքի տեղն անգամ չի իմացել: Իսկ Հայաստան եկել է իր ընկերոջ` Շվեյցարիայում հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի առաջարկով, ում երգչախմբում ինքը երգում է: Մի քանի ժամ շարունակ Ֆերդինանտ Շտեմերը ուսումնասիրեց երգեհոնը եւ խոստացավ, որ կգա ու կնորոգի այն: Նա բոլորի համար անսպասելի ասաց, որ Կապանի երգեհոնը եզակի գործ է` արված տաղանդաշատ վարպետի կողմից, որը հեղինակել է նաեւ աշխարհահռչակ Դոմյան տաճարի հսկա երգեհոնը: "Հուսով եմ, կլինեն երիտասարդներ, որոնք կօգնեն մեր վարպետին, կաշակերտեն նրան, լավագույնին էլ կուղարկենք Շվեյցարիա մասնագիտանալու, ու Սյունիքը կունենա իր երգեհոնի վարպետը, եւ հետագայում գործիքի նորոգման համար այլեւս ստիպված չենք լինի արտասահմանից հրավիրել մասնագետ", - ասաց Հեքեքյանը: Տասնյակ տարիներ շարունակ Կապանի քոլեջի դահլիճը չի նորոգվել, եւ այսօր էլ պատերին ու առաստաղին պահպանվում են հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ ռումբի բազմաթիվ բեկորների թողած հետքերը: Բարեբախտաբար, այդ բեկորներից եւ ոչ մեկը չի վնասել երգեհոնը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01