Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը

04.12.2012

Դեկտեմբերի 4-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը:
Օրակարգային առաջին հարցերը վերաբերում էր Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում առկա խնդիրներին:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը, ներկայացնելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1069207 հազար դրամի դիմաց կազմել են 1009675 հազար դրամ, կամ նախատեսվածի 94.4 տոկոսը: Հավաքագրման մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման աճը կազմել` 22 տոկոս: Այս տարի աճ է արձանագրվել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների կատարման գործում: Համայնքների գույքահարկի գծով հավաքագրման ցուցանիշը կազմել է 94.1 տոկոս: Սակայն մարզի մի շարք համայնքներում եկամուտների հավաքագրման մակարդակը խիստ ցածր է, ուստի համայնքների ղեկավարներին հորդորեց մինչև դեկտեմբերի 15-ը միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու և 11 ամսվա համար նախատեսված հարկերի հավաքագրումն ապահովելու:
Օրակարգային հաջորդ հարցի` “Համայնքային ծառայության մասին” ՀՀ օրենքի կիրարկման ընթացքի, համայնքապետարաններում հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքների ու խնդիրների վերաբերյալ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ներկայացրեց տեղեկատվություն: Կարևորելով համայնքների ղեկավարների դերակատարությունը համայնքային ծառայության գործում, նշեց, որ նրանց համակարգված աշխատանքից կախված համայնքներում առկա խնդիրների լուծումը: Մինչդեռ համայնքային ծառայության ոլորտի հիմնական խնդիրը համապատասխան կադրերի բացակայությունն է: Գյուղական 41 համայնքներում աշխատակազմերի մրցույթներ չեն կայացել` դիմումների բացակայության պատճառով: Ս. Ավետիսյանը նշեց,որ 2012թ. համայնքնային ծառայողների թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված 41 մրցույթից կայացել 27-ը: Մարզում 145 համայնքային ծառայողից ատեստավել է 70-ը: Թերություններ են արձանագրվել համայնքային ծառայողների անձնական գործերի վարման, իրավական ակտերի հաշվառման, ատեստավորման գործընթացի կազմակերպման և դրանց հետ առնչվող գործավարական փաստաթղթերում: Մարզի 82 համայնքների ղեկավարների ցույց է տրվել մեթոդական օժանդակություն` իրենց լիզորությունների ստանձնման վերաբերյալ` իրավական հարցերի ձևակերպման հարցերում:
Նիստում մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման, դպրոցների վարկանիշավորման գործընթացի հետ կապված խնդիրների մասին խոսելիս` մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լևոն Մարգարյանը նշեց, որ մարզի 119 դպրոցներում աշխատում է 2680 ուսուցիչ` 2180-ը բուհական կրթությամբ: Ատեստավորման առաջին փուլի առարկայական մասնագիտական գիտելիքների կատարելագործման դասընթացներին մասնակցել է 439 ուսուցիչ:
Մարզխորհրդի նիստի օրակարգում էր նաև մարզի տարածքում 2012թ. աշնանային զորակոչի ընթացքի և առկա խնդիրների մասին հարցը: ՀՀ ՊՆ Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրեց տեղեկատվություն զորահավաքային և զորակոչային աշխատանքների մասին: 2012թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով ծառայության են ընդունվել 392 զինապարտ: Նշվեց, որ համաձայն 2012թ. ուստարվա պատրաստության պլանի, Սյունիքի զինկոմներն իրենց առջև դրված խնդիրները` թե զորահավաքային, թե զորակոչային, կատարել են և ընթացիկ աշնանային զորակոչը կատարում են պատշաճ մակարդակով: Ոլորտում առկա խնդիրների մասին խոսելիս` Մ. Պողոսյանը անդրադարձավ զինակոչիկների ճանապարհածախսի ու բուժհաստատություններում նրանց զննության հետ կապված դժվարությունների վերաբերյալ հարցերին:
Օրակարգային հարցերի քննարկման ավարտից հետո ելույթ ունեցան Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
Մարզխորհրդի նիստի ավարտին իր ելույթում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց Ագարակի քաղաքապետին` “Հայաստանի համայնքների միության” կողմից հայտարարված «Լավագույն համայնքե մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվելու համար: Մարզպետը շնորհավորեց նաև Քաջարանի քաղաքապետին` “Լավագույն մարզական համայնք” ճանաչվելու համար, որից հետո համառոտ ամփոփեց տարվա 11 ամսվա կատարած աշխատանքները, մասնավորապես շեշտելով, որ հատկապես քաղաքաշինության բնագավառում այս տարի աննախադեպ աշխատանք է կատարվել մարզում:
Օրակարգային հարցերի քննարկման ավարտից հետո եղան նաև հայտարարությունններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:47:32