Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանն աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր

03.03.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 27-ին աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Մարզպետին ուղեկցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Ա.Մարդյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Սյունիքի մարզի Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Տորունիք, Նժդեհ գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների ղեկավարները, ավագանիների անդամներ:
Մարզպետն այցն սկսեց Տոլորս համայնքից: Տոլորսի բնակիչների հետ մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց դպրոցի բակում: Այստեղ բարձրացվեցին գյուղի կրթօջախի շենքի վթարայնությանը, գյուղմթերքի իրացմանը, գյուղի գազաֆիկացմանը և ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակին, վերաբերող հարցեր: Անդրադառնալով ոչխարի մսի իրացման խնդրին մարզպետ Վ. Հակոբյանը նշեց, որ Կապանի նորակառույց մսի վերամշակման գործարանը լայն հնարավորություններ է ստեղծում խնդրին լուծում տալու համար: Մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկայում նույնպես հարցի շուրջ քննարկումներ են լինելու իրացման հնարարավորությունների և արտադրանքի ծավալների հստակեցման շուրջ: Խնդիրը առկա է տավարի մսի մթերման մեջ, սակայն մարզպետը տեղեկացրեց, որ քայեր են ձեռնարկվում այս խնդրին նույնպես լուծում տալու համար:Գյուղական ճանապարհաշինության հարցին անդրադառնալով՝ մարզպետը տեղեկացրեց նաև, որ մասնագետներ են գործուղվել արտասահման՝ ծանոթանալու արդիականացված մասնագիտացված տեխնոլոգիներին, որոնց ներդրմամբ հնարավորություն կստեղծվի խնդրին լուծում տալ:
Մարզպետն այցելեց նաև Բնունիս համայնք: Այստեղ առաջնային լուծում պահանջող խնդիրներին ընթացք է տրվում:Այս տարածաշրջանում խնդիրները գրեթե նույնն էին, նաև կային հոսանքի տատանումներին և կոյուղու խափանումներին վերաբերող հարցեր:
Մարզպետի հաջորդ կանգառը Ախլաթյան համայնքի դպրոցն էր,որտեղ նույնպես բնակիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները,մասնավորապես, խմելու ջրի որակի ու ջրամատակարարման, մշակույթի տան տանիքի վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհի, աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ:
Նժդեհ համայնքում խնդիրներն այլ էին, այստեղ նպաստավոր պայմաններ կան մանր եղջերավոր անասունների բուծման համար, մինչդեռ աշխատանքներին կազմակերպական լուծում տալու խնդիր կա: Գյուղացիներն իրենց ուժերով են բարեկարգում գյուղամիջյան ճանապարհը:Նժդեհցիները մարզպետից խնդրեցին լուծել դիզվառելիքի հարցը,ինչը հնարավորինս կթեթևացնի գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Մարզպետ Վ.Հակոբյանը հանձնարարեց լուծում տալ հարցին:
Մարզպետն այցն ավարտեց Դաստակերտ քաղաքային համայնքում: Այստեղ հիմնական բնակիչները փախստականներ են և Հայաստանի տարբեր տարածաշրջաններից նախկինում եկած քաղաքացիներ: Դաստակերտ համայնքի ղեկավարը բարձրացրեց բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերման համար դրամական միջոցների սղությանը վերաբերող հարցեր: Մարզպետը խոստացավ լուծել  երկու բազմաբնակարան շենքի տանիքի և գյուղտեխնիկայի ձեռքբերման խնդիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 17:52:33