Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

26.01.2015

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի փրկարար ծառայության տարեկան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ներկա էին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Բախշյանը և ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Ն. Գրիգորյանը, Սյունիքի ՄՓՖ պետ, փրկարար ծառայության գնդապետ Ա. Հարությունյանը, <<Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության>> ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կ. Բադալյանը, <<Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության>> ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ա.Պետրոսյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Սյունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների մարզային համակարգողներ, մարզի համայնքների ղեկավարներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Սյունիքի ՄՓՖ պետ, փրկարար ծառայության գնդապետ Ա. Հարությունյանը, հանդես գալով 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությամբ, ներկայացրեց մարզի փրկարար ծառայության գործունեության հիմնական ուղղություններն ու կատարված աշխատանքները: Դրանք են`
• արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց կյանքի և առողջության փրկումն ու պահպանումը
• վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը
• քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կազմակերպումը
• ՄՓՎ ստորաբաժանումներում բարեփոխումների իրականացումը
• արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հիմնահարցերով մարզի բնակչության ուսուցման կազմակերպումը
• կամավորական փրկարարական շարժման և հետագա զարգացման ապահովումը
• մարզի տարածքում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը, դրանց կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը
• մարզի հեռավոր համայնքների տարածքներում հրշեջ հենակետերի ստեղծմանն ուղղված աշխատանքների իրականացումը
Սեյսմիկ պաշտպանության հարավային և արևելյան ծառայության կատարած աշխատանքների, սեյսմիկ վտանգի գնահատման, շենքերի և շինությունների սեյսմակայունության, դիտացանցերի կայանների գնահատման և բնակչության հետ տարվող աշխատանքների մասին զեկուցեցին Կ. Բադալյանը և Պետրոսյանը:
Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Ռ. Մարտիրոսյանը ներկայացրեց վերելակների, կարուսելների, ճոպանուղու, ավտոցիստեռների, բենզալցակայանների, գազալցակայանների փորձաքննությունների արդյունքները:
ՀՀ ՏԿԱԻՆ << Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության>> մարզային համակարգող Ժ. Գևորգյանը ներակայացրեց Կապանի, Քաջարանի, Գորիսի, Մեղրիի, Սիսիանի օդերևութաբանական կայանների կատարած աշխատանքները: Կատարաված աշխատանքների մեջ կարևորվեցին ագրոօդերևութաբանական դիտարկումներն ու կանխատեսումները:
ՀՀ ՏԿԱԻՆ <<Հատուկ լեռնափրկարար ծառայության>> Քաջարանի ջոկատի 2014 թվականի կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց ջոկատի հրամամատար Դ. Պետրոսյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Բախշյանը, շնորհակալություն հայտնելով մարզի բոլոր ծառայություններին, դրական գնահատեց նրանց կատարած աշխատանքը և նշեց.
<< Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է  իրազեկ լինի, որ կա իրեն օգնող գերատեսչություն: Մենք պետք է արդարացնենք մեր առջև դրված առաքելությունը, այն է` օգնել բնակչությանը: Համակարգված մոտեցմամբ տարածքային կառավարման և համայնքային ծառայության մարմինները պետք է աշխատեն ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի>>:
ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Ն. Գրիգորյանը կարևորեց փոխհամագործակցության, բնակչության իրազեկման առավել բարձր մակարդակի ապահովումը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր ամփոփիչ խոսքում մասնավորապես ասաց.
<< Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմամբ ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ արդյունավետ փոխգործակցության, խնդիրների արագ կարգավորման համար: Դուք կարևոր առաքելություն եք իրականացնում: Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, լեռնահանքային արդյունաբերության հետ առնչվող խնդիրները ձեր առջև դնում են մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն առանձնահատուկ պատասխանատվությամբ>>:
Կապանի և Քաջարանի քաղաքային համայնքների ղեկավարները ՀՀ Սյունիքի մարզի փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցների հանձնել են հուշանվերներ, պարգևատրել պատվոգրերով, շնորհակալություն հայտնել համայնքներում իրականացվող ծառայությունների համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-06 17:03:47