Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԲԱՑՈՒՄ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
10.07.2015
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Գորիսի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը: Ներկա էին մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Ա. Ծատրյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ պրոֆեսոր` Գ. Պապիկյանը, Գորիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը:
Բաժանմունքի բժիշկները վերապատրաստվել են Մալաթիա բժշկական կենտրոնում: Բաժանմունքը համալրված է գերմանական սարքավորումներով, այդ թվում` դիալիզի սարքերով, Օսմոսի ապարատով:
Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին, կարևորեց ՀՀ առողջապահության նախարարության ակտիվ օժանդակությունը բաժանմունքի բացման գործում: Նա շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մշտական աջակցության համար:
Շնորհավորելով ներկաներին Գորիսի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բացման առիթով, մարզպետ Ս. Խարատրյանը նշեց.
<<Գորիսի տարածաշրջանի երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթական 3 անգամ Գորիսից հասնում էին Կապանի ԲԿ։ Հեմոդիալիզի բաժանմունքում 4 ժամ շարունակ անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կրկին վերադառնում տուն, ինչը ծանր էր ու հյուծող: Այժմ արդեն ստեղծված են բոլոր պայմանները այդ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդների խնդիրներն հնարավորինս թեթևացնելու համար: Կարևոր է ոչ միայն սպասարկման բարձր մակարդակը, այլև ջերմ և մարդկային վերաբերմունքը: Պետք է կարողանանք ապահովել բժշկական սպասարկման այնպիսի որակ, որ բուժօգնության կարիք ունեցողների բոլոր խնդիրները լուծվեն տեղում>>: