Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
15.02.2016
Այսօր հայկական բանակում մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը։ Կապանում տեղակայված N զորամասում հանդիսավորությամբ նշվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի մարտական պատրաստականության գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, ԵԿՄ Կապանի մասնաճյուղի նախագահ Մանվել Օհանյանը, Կապանի <<Ազատամարտ>> կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, պատանի երկրապահներ։
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Վարդան Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից ողջունեց ու շնորհավորեց զինծառայողներին, նրանց մաղթեց հաջող ու ձեռքբերումներով հագեցած տարի` համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրի պատրաստվածությամբ ու գիտելիքներով է պայմանավորված զինված ուժերի մարտունակությունը:
Պատասխանատուները վստահեցրին, որ նոր ուսումնական տարում զինվորականների ֆիզիկական ունակությունների բարելավման, ուսումնական վարժանքների, զորավարժությունների, մարտավարաշարային պարապմունքների և ամփոփիչ քննությունների միջոցով հասնելու են առավել բարձր ցուցանիշների: