Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՄԱՐԶԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ (տեսանյութ)
22.06.2017
Հունիսի 21-ին բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Կապանի բժշկական կենտրոնում անցկացվեց պարգևատրման արարողություն: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է մարզի առողջապահական համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բնակչության առողջության պահպանման գործում ունեցած բարեխիղճ աշխատանքի համար, բարեմաղթանքի խոսքեր հղել:
Մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ մարզի առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդելու բնակչության սպասարկման որակի վրա: <<Մենք պետք է համատեղ վերականգնենք բժշկական կենտրոնի նկատմամբ բնակչության վստահությունը, որպեսզի կապանցին Երևան այցելելու փոխարեն բուժում ստանա Կապանում>>,- ընդգծեց մարզի ղեկավարը:
Անդրադառնալով <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում իրականացվող ծրագրերին, բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մելքոնյանը նշեց, որ շուտով բժշկական կենտրոնում բացվելու է Հայ-ամերիկյան ակնաբուժական կլինիկա:
Բուժաշխատողի օրվա առթիվ մարզի առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Վահե Հակոբյանը շնորհակալագրեր ու դրամական պարգևներ հանձնեց մի խումբ բժիշկների ու բուժքույրերի:
Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության