Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ
06.12.2018
Դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրը ՀՀ վաստակավոր մարզիչ, Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանն էր: Մարզի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց նրան՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ եւ մարզում սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա արդյունավետ մարզչական գործունեության համար:
Արսեն Պետրոսյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Պատանեկան տարիներից զբաղվել է սպորտով, հատկապես՝ թեթև աթլետիկայով: Տասնհինգ տարեկանից ընդգրկվել է ՀՀ աթլետիկայի պատանիների, ապա երիտասարդների ու մեծահասակների հավաքականների կազմում: Բազմիցս եղել է ՀՀ աթլետիկայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունների հաղթող և մրցանակակիր, մասնակցել է համամիութենական մրցումների և գրավել մրցանակային տեղեր: 1984 թվականից անցել է մարզչական գործունեության և աշխատում է առայսօր: 2004 թվականից ղեկավարում է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը:
Մարզչական գործունեության ընթացքում Ա.Պետրոսյանն ունեցել է մեծ հաջողություններ, մասնավորապես, նրա սաների գրանցած հաղթանակներն են.
1991թ.՝ Խորհրդային Միության պատանիների չեմպիոն` Մարատ Սարգսյան,
1995թ.՝ ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն`Մերուժան Սարգսյան,
2004թ.՝ Միջազգային պատանեկան խաղերի չեմպիոն`Հայկանուշ Բեկլարյան (ԱՄՆ, Քլիվլենդ),
2005թ.`Եվրոպայի պատանիների առաջնություն`3-րդ տեղ, աշխարհի պատանիների առաջնություն`4-րդ տեղ` Հայկանուշ Բեկլարյան,
2013թ.` Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնություն` 1-ին տեղ`Լևոն Աղասյան (Իտալիա),
2016թ.` Լևոն Աղասյանը, Կապանից առաջինը լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի նորման, իրավունք ստացավ մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին:
2018թ.՝ Աշխարհի ավագ տարիքի պատանիների առաջնություն` 4-րդ տեղ՝ Արամայիս Սարգսյան:
2002թ. Արսեն Պետրոսյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:
2013թ. Կապան քաղաքի 75-ամյակի առթիվ ստացել է «Կապան» ոսկե մեդալ:
2018թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից նրան շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում: