Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԸՆՏՐԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
28.04.2019
Ապրիլի 26-ին Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա – 2019»-ի մարզային փուլը, որին մարզի բոլոր համայնքներից 45 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 83 աշակերտ մասնակցեց:
Օլիմպիադայի արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ դրա հանրապետական փուլին Սյունիքից կմասնակցեն Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհիներ Աննա Մարտիրոսյանը եւ Արփինե Պողոսյանը ու Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցից Ինեսա Օհանյանը:
Ընթերցման օլիմպիադան անցկացվում է երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, եւ դրան մասնակցում են Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները:
Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գրքից հատված կարդաց, այնուհետեւ ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները 2-րդ փուլում ընթերցեցին հատված ժյուրիի ընտրած գրքից: Աշակերտի ընտրած եւ հանձնաժողովի առաջարկած գրքերը գեղարվեստական են:
Մարզային փուլի հաղթողներն իրենց մրցանակները կստանան մայրաքաղաքում՝ հանրապետական փուլի ժամանակ, որը կկայանա մայիսին:
Աշակերտներին գնահատելիս՝ որպես չափանիշներ, հաշվի են առնվում սահուն ընթերցումը, ճիշտ շեշտադրումը, արտահայտչականությունը եւ գիրքն ամբողջապես ընթերցած լինելը: