Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍՅՈՒՆԻՔ՝ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ
18.06.2019
Այսօր Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվեց տաղանդավոր հայ դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, տարբեր մրցնակների արժանացած, Վ.Սպիվակովի հիմնադրամի համերգային ծրագրերի մշտական մասնակից 12-ամյա Կարինա Տեր-Ղազարյանը։
Նա ծնվել, բնակվում եւ սովորում է Մոսկվայում՝ Գնեսինների անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, 5 տարեկանից է նվագում, առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում:
Այս օրերին Կարինան համերգներով հանդես է գալիս Սյունիքի մարզի տարբեր համայնքներում. արդեն հասցրել է ելույթ ունենալ Սիսիանում, Ագարակում, Խնձորեսկում եւ Գորիսում, այսօր համերգ կունենա կապանցի երաժշտասերների համար, վաղը կրկին կնվագի Գորիսում:
Կարինային ուղեկցում են ծնողները. նրանք մարզպետարանի աշխատակիցներից շնորհակալանքի խոսքեր լսեցին աղջկա համերգային ուղեւորությունը մեր մարզում կազմակերպելու համար, իսկ իրենք տպավորված են Սյունիքի բոլոր վայրերում այն ընդունելությունից, որին արժանացել է 12-ամյա դաշնակահարուհին:
Կարինա Տեր-Ղազարյանը մարզպետարանում նաեւ իր հայրենիքը խորհրդանշող հուշանվեր ստացավ: