Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻՆ ԿԳԱԶԻՖԻԿԱՑՎԻ․ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵՑ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԸ

16.10.2019

Այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։

Նշենք, որ նախարարը երկօրյա այցով Սյունիքում է եւ երեկ ու այսօր մարզպետ Հունան Պողոսյանի, փոխնախարարներ Բագրատ Բադալյանի եւ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ անցնելով Սիսիանից մինչեւ Մեղրի՝ ծանոթացել է Մ2 միջպետական մայրուղում կատարվող ճանապարհաշինական, ինչպես նաեւ «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի» ենթակայանների կառուցման աշխատանքներին։

Մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, ինչպես նաեւ ուժային եւ պետական մի շարք կառույցների մարզային պատասխանատուները։

Սուրեն Պապիկյանը նախ շնորհավորեց Հունան Պողոսյանին պաշտոնավարման մեկ տարվա լրանալու կապակցությամբ՝ հիշելով, որ 2018-ի հոկտեմբերի 16-ին նույն դահլիճում ներկայացրել է նրան ու հավելեց, որ այսօրվա այցը պատահականորեն է համընկել։ «Յուրաքանչյուր արդյունավետ աշխատանք ավելիին հասնելու նոր մղում է, ուստի նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ հետագա գործունեության ընթացքում», - ասաց նախարարը։

Ս․Պապիկյանը անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին՝ փորձելով ամփոփել, թե, ի վերջո, ինչ է տալիս այն Սյունիքին ու փաստեց, որ սկսվածը հանրապետության համար կարեւոր գործընթաց է, որից չպետք է հրաժարվել, իսկ դրա վառ օրինակը Սյունիքի մարզն է, որտեղ ինքը հաջողություն գրանցած համայնքներ է տեսնում։

Քննարկվեցին այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, եւ մարզպետը նախարարին ներկայացրեց մեր մարզում դրանց ներկա ընթացքը, կատարված աշխատանքներն ու նաեւ նախագծման, գործը ժամկետում ավարտելու հետ կապված խնդիրները։

Տարբեր հարցերի շուրջ քննարկումից հետո ՀՀ ՏԿԵ նախարարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին գյուղական ճանապարհներին, ոռոգման ջրի բացակայությանը, միջհամայնքային տրանսպորտին, վառելափայտի խնդրին եւ այլն։

Մարզի համար ամենակարեւոր խնդիրներից մեկի՝ Մեղրու գազիֆիկացման մասին խոսելիս՝ Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ այն ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ պետությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ գումարը, ծրագիրն անպայման կյանքի կկոչվի։

Նախարարը մարզկենտրոն էր հասել Տաթեւ-Կապան կարճ այլընտրանքային ճանապարհով, որի 12․5 կմ հատվածը պետբյուջեի միջոցներով նախատեսվում է նորոգել 2020 թվականին, ու նա տեղեկացրեց, որ տեսնելով դրա կարեւորությունը՝ կքննարկեն, եւ միգուցե հնարավոր կլինի վերանայել ու առավել մեծ ճանապարհահատվածի բարեկարգում իրականացնել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13