Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից 2019թ. իրականացված աշխատանքների մասին (համառոտ)

17.01.2020

Մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու նպատակով համայնքների կողմից 2019 թվականին ներկայացվել է 29 սուբվենցիայի ծրագրային հայտ՝ 3 միլիարդ 818 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր նախահաշվային արժողությամբ, որից դրական եզրակացություն է ստացել 25 սուբվենցիայի ծրագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 569 միլիոն պայմանագրային արժողությամբ, որից 1.09 միլիարդը՝ համայնքների համաներդրմամբ:

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման չափը 2019թ. ընթացքում կազմել է` 964 միլիոն 557 հազար ՀՀ դրամ, 2020 թվականին 2019-ի ծրագրերն ավարտին հասցնելու համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվող վճարման չափը` 513 միլիոն 76 հազար ՀՀ դրամ:

2019թ. պետական բյուջեով հաստատված մարզպետարանի պահպանման ծախսերի գումարից խնայվել է ավելի քան 38.1 մլն. դրամ, որն ամբողջությամբ վերադարձվել է պետբյուջե:

Մարզի համայնքների բյուջեները ընդհանուր եկամուտների մասով կատարվել են 95.6%, իսկ սեփական եկամուտները ապառքներով՝ 106.3%:

Մարզի արդյունաբերական ձեռնարկություններում թողարկված արտադրանքի ծավալը 2019 թվականին, նախնական տվյալներով, ընթացիկ գներով կկազմի շուրջ 346.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ կաճի (համադրելի գներով) մոտ 15.0%-ով։

2019 թվականին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի մոտ 17.0%-ը բաժին է ընկել Սյունիքի մարզի արդյունաբերական կազմակերպություններին:

2019 թվականի ընթացքում մարզում իրականացվել են մոտ 5.2 մլրդ. դրամի համաշինարարական աշխատանքներ: Կատարված աշխատանքների ընդհանուր ծավալից 1,836 մլրդ. դրամը նպատակաուղղվել է կապիտալ շինարարությանը, 3.322 մլրդ. դրամը՝ հիմնանորոգմանն ու վերանորոգմանը:

Իրականացված աշխատանքների 19.6 %-ը կատարվել է պետական բյուջեի, իսկ 80.4 % ը՝ համայնքների բյուջեների և ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին: Աշխատանքների ընդհանուր ծավալից 1.3%-ը ուղղվել է ջրամատակարարման համակարգերի, 2.6%-ը` ոռոգման ցանցերի, 3.2%-ը` դպրոցների, 2.9%-ը` նախադպրոցական, 0.6%-ը` մարզական հիմնարկների, 0.6%-ը` վարչական շենքերի, 16%-ը` բնակֆոնդի և 6%-ը` մշակութային օբյեկտների կառուցմանն ու հիմնանորոգմանը, իսկ 66.8%-ը` այլ ծրագրերի իրականացմանը:

2019թ․ մարզում նոր բնակավայրեր չեն գազիֆիկացվել, կազմվել են Մեղրի, Ագարակ քաղաքների և Լեհվազ գյուղի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

ՀՀ պետական բյուջեով և տարբեր ֆինանսավորման աղբյուրներով 2019 թվականին մարզի ճանապարհաշինարարական և այլ կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել են ավելի քան 5.0 մլրդ դրամ գումարի աշխատանքներ, այդ թվում տարբեր նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման համար՝ մոտ 4.1 մլրդ. դրամի, իսկ պահպանման, շահագործման և ձմեռային պահպանության համար 976.678 մլն դրամի:

Ավարտվել են ա/ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման առանձին հատվածների (54.8կմ) միջին նորոգման, հիմնանորոգման` ավելի քան 3.8 մլրդ. դրամի աշխատանքները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սյունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ 2019թ. մայիսի 27-ին Տաթև համայնքի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանին հարակից տարածքում կայացավ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովը: Այն ուղղված էր ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը՝ արդեն հաջողություն գրանցած և ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, իրատեսական ներդրումային ծրագրերի գաղափարներ (ընդհանուր՝ 25 ծրագիր): Ներդրողների և բիզնես-ծրագրեր ունեցողների միջև կնքվեցին համագործակցության 6 հուշագրեր: Համաժողովում կնքված հուշագրի արդյունքում Կապանում 2 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացվեց։

2019 թվականին մարզում գրանցվել է 1336 ծնունդ, որից՝ 1233-ը մարզի բժշկական կենտրոններում․ բնական աճը կազմել է 1․2 պրոմիլ: Մանկական մահացությունը կազմել է 3․0 (2018թ.՝ 5․5, 2017թ.` 6․7) պրոմիլ: Մարզում 2019 թվականին մայրական մահացության դեպք չի արձանագրվել:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է մարզպետի կողմից քաղաքացիների երեք արտագնա ընդունելություն, Սիսիան, Մեղրի և Տաթև համայնքներում: Քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել ընդունելության եկած 447 քաղաքացիների դիմումներին: Մարզպետարան դիմած 1153 քաղաքացիներից 811-ին տրվել է դրամական օգնություն 27.515.000 դրամ գումարի չափով:

Մարզում գործում է 117 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ 16554 աշակերտներով, որից 6-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության, իսկ 111-ը՝ մարզային: Մարզային ենթակայության 111 հանրակրթական ուսումնական հաստատություններում կոմպլեկտավորվել է 1037.75 դասարան` 15009 աշակերտով, որից 339-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: 26 դպրոցում գործում են ռոբոտաշինության լաբորատորիաներ:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում մարզի 53 դպրոցում՝ տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել է տաք, մնացածներում՝ չոր սնունդ։ Պարենի համաշխարահային ծրագրի օժանդակությամբ 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումը ընթացքի մեջ է։

2019թ․ մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը՝ փոխայցելությունների միջոցով համայնքների միջև մշակութային համագործակցության ամրապնդման նպատակով:

Համահայկական 7-րդ ամառային խաղերում սյունեցի 10 մարզիկ գրավել է մրցանակային տեղեր և արժանացել մեդալների:

Տարվա ընթացքում ճանաչողական և աշխատանքային այցերով մարզ են ժամանել և մարզպետի հետ հանդիպումներ ունեցել ՀՀ-ում Լեհաստանի, Եվրոպական Միության, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանները, դիվանագիտական կորպուսի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հաշվետվության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով․ 

http://syunik.mtad.am/files/docs/45035.pdf

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13