Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
11.11.2022
Նոյեմբերի 11-ին մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած՝ «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով ծրագիրը։ Այն նախաձեռնել է Սյունիքի մարզպետարանը, և իրականացնում է մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ներմարզային մշակութային շրջագայությունը նպատակ ունի ապահովել մարզի շնորհալի ստեղծագործողների անմիջական կապն ու շփումը, համայնքների մշակույթի ոլորտի պատասխանատուների, երաժշտական, արվեստի և գեղարվեստի կրթօջախների ներկայացուցիչների փորձի փոխանակումը, անցկացնել վարպետաց դասեր և քննարկումներ՝ այդպիսով ակտիվացնելով մշակութային կյանքն ու բարձրացնելով ուսուցման որակը։
Միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև այցեր հյուրընկալող համայնքի պատմամշակութային վայրեր ու մշակութային կազմակերպություններ։
Առաջինը Կապանն իր հարկի տակ ընդունեց Մեղրի համայնքի պատվիրակությանը։ Միջոցառման մասնակիցներն այցելեցին Վահանավանք, այնուհետև Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ դրեցին Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում զոհված կապանցիների շիրիմներին։ Պատվիրակությունը եղավ նաև Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, այցելեց Կապանի երկրագիտական թանգարան։
Իսկ օրվա երկրորդ կեսը մեղրեցիներն անցկացրեցին Կապանի մանկական գեղարվեստի դպրոցում և թիվ 2 երաժշտական դպրոցում, որտեղ կազմակերպվել էին սոլֆեջիոյի բաց դաս, համերգ՝ կապանցի շնորհալիների մասնակցությամբ և մասնագիտական քննարկումներ մանկավարժների համար։ Այս ամենը Մեղրի համայնքի պատվիրակության անդամների օրը լցրեց դրական տպավորություններով։
Հաջորդ մշակութային շրջագայությունը կլինի հենց Մեղրիում։ Այստեղ կհյուրընկալվեն Սիսիան և Տաթև համայնքների պատվիրակությունները։










