Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ

29.08.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ կառուցված՝ մարզում առաջին հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի բացմանը։

Այն իրականություն է դարձել ՀՀ կառավարության, Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների «Միասնական հիմնադրամի» և Չինաստանի կառավարության օժանդակությամբ։
Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառույցներին, որոնց ջանքերով ծրագիրը կյանքի է կոչվել․«Այսօր շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս․ տիկին Նաննա Սկաուի հետ բազմիցս քննարկել ենք գյուղական բնակավայրերում ամբողջական արժեշղթաների հիմնման կարևորությունը, և առիթից օգտվելով՝ ուզում եմ նշել Սյունիքում Պարենի համաշխարհային ծրագրի դերի մասին։ ՊՀԾ-ն առաջիններից էր, որ արձագանքեց մեր կոչին ու կարճ ժամանակում համատեղ ծրագրեր ենք սկսել իրականացնել, մեծ մասը՝ հրատապ ծրագրեր են, բայց կան նաև այսպիսիք, որոնք ենթադրում են կոնկրետ բնակավայրի ու համայնքի զարգացում։ Շնորհակալություն ՊՀԾ-ի ողջ անձնակազմին, որի հետ արդյունավետ համագործակցել ենք վերջին մեկուկես տարում ոչ միայն Գորիսում, այլև ողջ մարզում»։
Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին, որը ներկա էր միջոցառմանը, Գորիսի համայնքապետարանին՝ ի դեմս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի։
«Հաճախ ենք խոսում գործընկերության մասին, բայց միշտ չէ, որ տեսնում ենք դրա արդյունքը, - նշեց Ռոբերտ Ղուկասյանը, - այսօր տեսնում ենք, որ տարբեր կողմեր միավորվել են ու միասին ստեղծել այն, ինչը շատ կարևոր է մեր գյուղական բնակավայրերում։ Շնորհավորում եմ տեղի բնակչությանը, որն օգտվելու է այս ամենից ու մեծ հույս ունեմ, որ առաջիկայում նման ծրագրեր էլի կունենանք այլ գյուղերում»։
Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան նաև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ՄԱԿ-ի Պարենի ՀԾ ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
Շրջելով ու ծանոթանալով նորաբաց կենտրոնի հնարավորություններին՝ հյուրերը նաև համտեսեցին տեղում մշակված հատիկաընդեղենից պատրաստված սննդամթերքը։
Այս ծրագրի արդյունքում Խնձորեսկում կառուցվել է վերամշակման արտադրամաս, որը համալրվել է 40 ԿՎտ հզորության արևային կայանով, մաքրման և տեսակավորման սարքավորումներով, փաթեթավորման հոսքագծով:
Կենտրոնին տրամադրվել են հատիկաընդեղենի բերքահավաքի կոմբայն ու շարքացան, այլ սարքավորումներ։
Իրականացվել է հատիկաընդեղենի արժեշղթայի զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն էր բարձրացնել համայնքում սննդարար, դիվերսիֆիկացված սննդի հասանելիությունն ու մատչելիությունը:
Խթանելով «Դաշտից սեղան» մոտեցումը՝ Գորիս, Տեղ և Սիսիան համայնքների 60 ֆերմերների տրամադրվել են ոլոռի, ոսպի, լոբու և սիսեռի բարձրորակ սերմեր, ինչպես նաև տեխնիկական աջակցություն՝ բարելավելու հատիկաընդեղենի մշակության տեխնոլոգիաները։ Արտադրողականությունը բարձրացնելու և ջրի կորուստները նվազեցնելու նպատակով Խնձորեսկ բնակավայրում վերակառուցվել է ոռոգման ցանցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16