Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿԸ

31.05.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 31-ին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին․ դրանք մեկնարկել են Սյունիքից, ու այդ կապակցությամբ մարզ էր այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Առավոտյան միջոցառումներն սկսվել են N զորամասից, որտեղ Արգիշտի Քյարամյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարներն ու ծառայողները ներկա են գտնվել շարային ստուգատեսի և զինծառայողների ցուցադրական ելույթների, ծաղիկներ դրել զոհված զինծառայողների հիշատակին կանգնեցված կոթողին․ այստեղ անցկացվել է նաև խորհրդակցություն։

Օրվա միջոցառումների շրջանակում Սյունիք այցելած հյուրերն ու մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Գարեգին Նժդեհի հուշահամալիր, Վահանավանքի վանական համալիր և այստեղ օրհնություն ստացել, Քաջարանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում խնկարկել հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը։
Օրվա ավարտին Քաջարանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին Քննչական կոմիտեի նախագահը, Սյունիքի մարզպետը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, Դատախազության, ԱԱԾ–ի, ՆԳՆ ոստիկանության, ՊՆ ռազմական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, Քաջարան համայնքի ղեկավարը։
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին ու ներկաներին շնորհավորել են Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳ վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց ներկաներին ու իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց կոմիտեի ձևավորման տասնամյակը Սյունիքի մարզում նշելու համար։ Մարզպետը մասնավորապես նշեց․
«Բոլորիս համար տեսանելի է, թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ և ինչ պայմաններում է Քննչական կոմիտեն ընդամենը 10 տարվա ընթացքում կարողացել կայանալ։ Ինձ համար պետականության կարևորագույն հենասյուներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է։ Եվ Քննչական կոմիտեն այսօր, վստահաբար, կայացած ինստիտուտ է։ Մենք տեսնում ենք կոմիտեի մեր գործընկերների կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքը։ Հատկապես ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող իրադարձությունները էլ ավելի ծանր պատասխանատվության առջև են կանգնեցրել, բայց նրանք փառքով և պատվով իրականացնում են այդ աշխատանքը։ Դա չի կարող գոհունակություն չառաջացնել հասարակության մեջ, որովհետև մեր երկրում իրավունքի պաշտպանության, օրինականության, արդարադատության իրականացման էական ու կարևորագույն մասերից է Քննչական կոմիտեն։ Եվ դա արվում է ի շահ մեր պետության, պետականության, ի շահ մեր ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության»։
Օրվա կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը Սյունիքի մարզպետին պարգևատրել է «Պատվավոր գործընկեր» կրծքանշանով, պարգևներ հանձնել այլ գործընկերների ու ծառայողների։
Հանդիսավոր միջոցառման ավարտին համերգային ծրագրով հանդես եկան Քաջարանի արվեստի դպրոցի ու մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16