Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
06.06.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմն այս շաբաթ շարունակել է իրազեկման հանդիպումները մարզի համայնքներում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։
Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ու Կապանում վերաբնակեցված անձանց։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի տնօրեն Ռոմա Զաքարյանը։
Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հատկապես Սյունիքում հաստատվելու և այստեղ իրենց կյանքը շարունակելու մտադրության ու հաստատակամության համար։
Մարզպետի տեղակալը, ՄՍԾ և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասնորեն խոսել են ծրագրի բաղադրիչների ու պահանջների, օժանդակության հերթականության մասին, պատասխանել նաև քաղաքացիների հարցերին, նրանց հուզող որոշ խնդիրներ արձանագրել՝ առավել խորությամբ ուսումնասիրելու նպատակով, պատրաստակամություն հայտնել հետագա խորհրդատվության տրամադրման հարցում։
Նշենք, որ մարզպետի աշխատակազմում այս նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները նմանատիպ իրազեկման հանդիպումներ են անցկացրել նաև երեկ՝ հունիսի 5-ին, Սիսիան և Գորիս համայնքներում վերաբնակեցվածների հետ։
Իսկ նախորդ շաբաթ հանդիպումներ էին կայացել մարզի մյուս համայնքներում։
Հավելենք, որ Սյունիքի բոլոր գյուղական բնակավայրերում և Գորիս քաղաքում տուն ձեռք բերողները ընտանիքի մեկ անդամի հաշվով 5 մլն դրամ կստանան, մարզի մյուս քաղաքներում՝ 4 մլն դրամ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն:








