Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ճանաչենք մեր հայրենիքը»․ մշակութային միջոցառում՝ Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում

24.06.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական միջոցառումը կազմակերպեց, այս անգամ՝ Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում:

Հունիսի 21-ին Վարդանիձորում մշակութային օր էր՝ հագեցած երգ ու պարով, հայրենիքին, ծննդավայրին ու ավանդույթներին նվիրված շնչով ու խոսքով:
Մեղրիից, Քաջարանից ու Կապանից հյուրեր էին եկել Վարդանիձոր՝ մասնակցելու «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագիրը կրող մշակութային միջոցառմանը, որի անցկացման վայրն էլ պատահականորեն չէր ընտրվել: Այստեղ գործող հյուրատան տարածքը նույնպես օրվա խորհրդին համահունչ էր՝ ազգային ու ավանդական նիստուկացի կոլորիտային ձևավորումով ու կահավորմամբ, ցուցադրություններով։
Մշակութային այս տարածքում օրվա ընթացքում հնչած երգը, երաժշտությունն ու ասմունքը, ներկայացված պարերն ու ցուցանմուշները մեր հայրենիքն ավելի խորապես ճանաչելու, նրանով հպարտանալու ու զորեղանալու հերթական հրաշալի հնարավորություն էին:
Միջոցառման հիմնական նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության` սովորույթների, կենցաղի առանձնահատկությունների ու ավանդույթների վրա հիմնված արժեքները վեր հանելն ու ներկայացնելն էր:
2024 թվականին լրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ՀՀ կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի ընդգրկման և գրանցման 10-ամյակը, որին էլ նվիրված էր միջոցառումը։

Օրվա առանցքում այն գաղափարն էր, որ այսօր էլ լավաշը հայ ժողովրդի համար շարունակում է մնալ ազգային ինքնության արտահայտություն և իր կարևորությամբ դարձել է հողի, սերմի ու հատիկի փառաբանության հիմքը:
Ներկաները հետաքրքրությամբ էին հետևում միջոցառման ընթացքին՝ թոնրում լավաշ թխելուն, հյուրասիրությանն ու Վարդանիձոր բնակավայրին բնորոշ արհեստների ու նիստուկացի իրերով, թանգարանային նմուշներով ձևավորված սեղաններին, Կապանի և Մեղրու ստեղծագործական խմբերի ելույթներին, «Մեղրու մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, Մեղրիի «Արևիք» երաժշտական դպրոցի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Մեղրու մասնաճյուղի սաների ստեղծած՝ «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրով նկարներին, «Կըրկենե» զանգեզուրյան հինավուրց ավանդույթ-գաթայի հյուրասիրություն-ծիսական խաղին:
Մասնակիցներին ներկայացվեցին նաև թոնրատան, թոնրի պատրաստման արհեստի նրբություններն ու ավանդույթը, այս տարածքին բնորոշ սովորույթներն ու նիստուկացը:
Հյուրասիրության անբաժանելի մասն էին տեղում թխված անուշաբույր լավաշն ու բնակավայրին հատուկ ազգային ուտեստները:
Կազմակերպվեց նաև Մեղրու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել Խաչիկյանի կողմից օրհնված մատաղի արարողություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16