Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՊԱՏԿԵՐԸ
11.12.2024
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որն արտագնա էր ու անցկացվեց Քաջարանում՝ ընդլայնված ձևաչափով։
Այն վարում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև տեսչական մարմինների, պետական այլ կառույցների, հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների մարզային ստորաբաժանումների պատասխանատուներ։
Օրակարգի հարցերին անցնելուց առաջ Սյունիքի մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ու ներկայացրեց ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին։
------------------------------------------------------------
Օրակարգի առաջին հարցը Սյունիքում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն էր վերաբերում, ու դրա մասին մարզի դատախազ Մ․Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետին ուղղված միջնորդագիրը ներկայացրեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
Նիստում քննարկվեցին այն միջոցառումները, որոնք համապատասխան կառույցները պետք է ձեռնարկեն պատահարների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։
Հայկ Հարությունյանը մարզի խորհրդի անդամներին զեկուցեց նաև մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքի և առկա խնդիրների մասին։
Ըստ այդմ՝ մարզի համայնքների բյորջեներով 2024-ին նախատեսված 3 մլրդ 676 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց այս պահին փաստացի հավաքվել է 3 մլրդ 352 մլն դրամ կամ՝ նախատեսվածի 91,2 տոկոսը։
Հարկատեսակների հավաքման ցուցանիշներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենամեծ աճը գրանցել է անշարժ գույքի հարկի հավաքումը՝ 34,3 տոկոս։
Իսկ տեղական տուրքերը հավաքվել են նախատեսվածի 103,6 տոկոսով։
Մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցերը, որոնք վերաբերում էին Սյունիքում կառավարություն-համայնք համաներդրմամբ 2022-2024թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գործընթացի պատշաճ հսկողությանը խոչընդոտող խնդիրներին և 2025թ․ մարզում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին։
Նա փաստեց, որ 2022-2023թ. ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերից ներկա պահի դրությամբ դեռևս ընթացքի մեջ են 27 ծրագրեր կամ ենթածրագրեր․ ենթածրագրերի մեծ մասը գտնվում է ավարտման փուլում, 3 ծրագրերի աշխատանքներն ընդհանրապես չեն սկսվել, իսկ ծրագրերի չիրականացման վերաբերյալ համայնքները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել:
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվող խնդիրները նիստի ընթացքում մարզպետը քննարկեց համայնքների ղեկավարների հետ։
2024թ․ նշված ծրագրերի պետական մասնաբաժինը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության որոշումներով մարզպետի աշխատակազմին է հատկացվել 2,13 մլդ դրամ։
2024թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերը մարզում ներկայումս 20-ն են՝ 3,77 մլրդ դրամ ծրագրային ընդհանուր արժեքով, որի մոտ 64%-ը կամ 2,41 մլրդ դրամը պետության մասնաբաժինն է․ Կապան՝ 14 ծրագիր, Տեղ՝ 2 ծրագիր, Քաջարան՝ 2 ծրագիր, Մեղրի՝ 1 ծրագիր, Սիսիան՝ 1 ծրագիր։
11 ծրագրերի աշխատանքներն արդեն սկսված են։
-----------------------------------------------------------------------
Մարզի խորհրդի նիստում քննարկվեցին այլ հարցեր ևս։
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կոչ արեց բոլորին շարունակել համատեղ աշխատանքը փոխադարձ հարգանքի, գնահատանքի մթնոլորտում՝ հանուն Սյունիքի մարզի ու նրա բնակիչների․ «Ես հպարտ եմ այն մարզով, որին՝ որպես մարզպետ, ծառայում եմ ու բարձր եմ գնահատում այն համագործակցությունը, որ ձեզ հետ ունեմ, շնորհակալ եմ»։