Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

23.05.2025

 Սիրելի՛ շրջանավարտներ


Սրտանց շնորհավորում եմ «Վերջին դասի» տոնական միջոցառման կապակցությամբ, որն այսօր մեր դպրոցներում կազմակերպում են թե՛ հիմնական, թե՛ միջնակարգ կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտող աշակերտները։
Ձեր կյանքի մի ամբողջ մեծ ու պայծառ շրջան, որ սկսել եք որպես առաջին դասարանցիներ, ավարտում եք այսօր։ Եվ, հավանաբար, հենց «Վերջին դասին» է, որ հիշում եք առաջին հաղթանակների ուրախությունը, ձեր քրտնաջան աշխատանքը, հիշում եք, թե ինչպիսին էին ուսման դժվարին քայլերը, գրած առաջին տառերը, կարդացած առաջին բառը։
Հիմա ամեն մեկդ ձեր ճանապարհն ունեք։ Աշխարհը բաց է ձեզ համար՝ ինքնադրսևորման, անձնական աճի, ստեղծագործական որոնումների և մասնագիտական ​​զարգացման բոլոր հնարավորություններով։
Դպրոցական ուսումնառության ավարտի օրը հատուկ է ոչ միայն ձեր, այլև ծնողների և ուսուցիչների համար։ Ուստի՝ բոլորիս երախտագիտության խոսքերը նրանց՝ իրենց գիտելիքները, իմաստնությունը, փորձը փոխանցելու և, ամենակարևորը, անցած բոլոր տարիներին ձեզ անվերապահորեն հավատալու համար։
Մի՛ կորցրեք կապն ուսուցիչների հետ․ նրանք իրենց հոգու մի կտոր են դրել ձեր մեջ և անկեղծորեն հետևելու են անցնելիք ճանապարհին՝ հպարտորեն ուրախանալով ձեր նվաճումներով։ Առողջություն և հետագա հաջողություններ եմ մաղթում մանկավարժներին։
Սիրելի՛ շրջանավարտներ, այս ուսումնական տարին հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որի համատեքստում նաև «Վերջին դասի» միջոցառումները նորովի կազմակերպելու կոչ կար։ Եվ ուրախ ենք տեսնել, որ Սյունիքի մարզում ևս կան կրթօջախներ, որ ավարտական միջոցառումն անում են այդ ձևաչափով՝ հանդես գալով մշակութային հետաքրքիր նախագծերով։
Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կկարողանա արժանի տեղ ու կիրառություն գտնել իր շնորհների, ձեռք բերած մասնագիտության, տաղանդի և գիտելիքների համար հարազատ Սյունիքում, և մենք միշտ այստեղ ձեր կողքին ենք։
Բոլորիդ մաղթում եմ ինքնավստահություն, լավատեսություն, առողջություն, հաջողություն՝ բոլոր ջանքերում, բարձր նպատակներ և փայլուն հաղթանակներ։ Հիշե՛ք, որ ամեն ինչ կախված է ձեր համառությունից, տքնաջան աշխատանքից, առաջ շարժվելու ցանկությունից և սեփական ուժերի նկատմամբ հավատից։ Թո՛ղ դպրոցի տված գիտելիքներն օգնեն իրականացնել բոլոր ծրագրերն ու երազանքները։
Բարի՛ երթ 2024-2025 ուստարվա շրջանավարտներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-23 17:22:35