Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԳՆԱՀԱՏՎԵՑ ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
09.09.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում մեծ գնահատանքով ու ջերմությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գրիգոր Թադևոսյանին․ նրա աշխատանքային վերջին օրն է այսօր։
Պարոն Թադևոսյանի աշխատանքային կենսագրության 29 տարիները կապված են Սյունիքի տարածքային կառավարման այս կառույցի ու կոլեկտիվի հետ։ Այստեղ նա աշխատել է ՀՀ-ում մարզպետարանների ձևավորման հենց սկզբնական շրջանից։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գրիգոր Թադևոսյանին՝ կատարած արհեստավարժ աշխատանքի, այս կոլեկտիվում ներդրած ջանքի ու ավանդի, իր երկրին նվիրվածության, մասնագիտական բարձր որակների ու մեծ պատասխանատվության համար՝ մաղթելով քաջառողջություն ու հետագա տարիների անհոգ վայելում՝ ընտանիքի հետ։
Պարոն Թադևոսյանի մասին գնահատանքի խոսքեր ասացին նաև գործընկերները՝ շեշտելով նրա հետ աշխատելու տարիների կարևորությունն իրենց համար, նշելով թե՛ մարդկային արժանիքների, թե՛ պրոֆեսիոնալիզմի ու թե՛ այն մասին, որ անկախ Հայաստանի ձևավորման հենց սկզբից նա իր գիտելիքներն ու կենսափորձը ներդրել է երկրի պետական կառույցների ձևավորման գործում։
Գրիգոր Թադևոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց կոլեկտիվին և գործընկերներին հետագա հաջողություններ մաղթեց։
Սյունիքի մարզպետը նաև շնորհակալագիր ու անվանական հուշանվեր հանձնեց նրան՝ երկարամյա արդյունավետ աշխատանքի ու վաստակած հանգստի մեկնելու կապակցությամբ։
———————————————————————————
Գրիգոր Թադևոսյանը, Երևանի պետական համալսարանում ստանալով փիլիսոփա-դասատուի որակավորում, աշխատել է Կապանի «Ռելե» գործարանում՝ իրավաբան, դասավանդել քաղաքի N 27 միջնակարգ գիշերօթիկ, N 10, N 9 միջնակարգ դպրոցներում։
1991-1994 թթ. եղել է Ղափանի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1994-1995թթ. Շրջանային ժողկրթբաժնում աշխատել է մեթոդկաբինետի վարիչ։
1996 թվականից աշխատել է Սյունիքի մարզպետարանում՝ ընդհանուր բաժնի վարիչ,1999թ.` մարզպետի խորհրդական, 2002-2021թթ․` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2021թ․՝ Քարտուղարության պետ։
2023թ․ հուլիսից ղեկավարում էր Սյունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։








