Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՐՋԱՅՑԸ ԿԱՊԱՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
30.04.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերսկսել է Կապան համայնքի գյուղերում շրջայցը։ Անցած շաբաթվա ընթացքում եղել է համայնքի Խդրանց, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Չափնի, Ըրկենանց, Սևաքար, Եղեգ, Տավրուս, Ներքին Խոտանան և Նորաշենիկ գյուղերում։
Նա հանդիպել է բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը, գյուղում առկա խնդիրների լուծման իրենց տարբերակներն ու առաջարկները, այցելել դպրոցներ ու մասնավոր տնտեսվարողների։
Մարզպետը դիտարկել է նաև պետական ֆինանսավորմամբ ու տարբեր աջակցության ծրագրերով իրականացված աշխատանքները։
Մասնավորապես, 903 մլն դրամ պետական հատկացումով հիմնանորոգվել է Վարդավանք - Խդրանց - Ագարակ 13,1 կմ ճանապարհը։
ՀՀ կառավարության 70% համաներդրմամբ՝ ընդհանուր 111,4 մլն դրամով Կապանի Եղվարդ գյուղում խմելու ջրագիծ է կառուցվել, 47,5 մլն դրամով նորոգվել է կենցաղի տունը։
Ըրկենանցում ՀՀ կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով կառուցվել է վարչական շենք, որի կառուցման ու տարածքի բարեկարգման համար ծախսվել է 40,3 մլն դրամ․ 60 տոկոսը ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորմամբ։
Սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև Եղեգի վարչական շենքը, բարեկարգվել հարակից տարածքը։ Ծրագրի արժեքը՝ 45,6 մլն դրամ, որի մեջ պետական համաֆինանսավորումը նույնպես 60 տոկոս է։
Սևաքարում նորոգվել է հանդիսությունների սրահի շենքը․ ընդհանուր արժեքի 31,5 մլն դրամի 60 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։
Նորաշենիկում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով կառուցվել է մարզադաշտ․ծրագրի ընդհանուր արժեքը՝ 24,1 մլն դրամ, պետության համաներդրումը՝ 55 տոկոս։
Նորաշենիկում մեկ այլ ծրագրով նորոգվել է բնակավայրի վարչական շենքը՝22,8 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի մեջ կառավարության համաֆինանսավորումը 60 տոկոս է։
Ներքին Խոտանանում կրկին սուբվենցիոն ծրագրով կառուցվել է բնակավայրի վարչական շենքը՝ 42,45 մլն դրամով։ Կառավարության ներդրման մասնաբաժինն այստեղ 60 տոկոս է։










