Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ՝ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
24.05.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Գորիսի պետական համալսարանում մասնակցել է «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» ծրագրի շրջանակում կայացած դասախոսություն-հանդիպմանը, որը կազմակերպվել էր Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարքում։
Ներկա էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն, ԵՄ դիտորդական առաքելության, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, բուհի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։
Միջոցառումը նպատակ ուներ խորացնել ուսանողների պատկերացումները ԵՄ-Հայաստան համագործակցության, երիտասարդական քաղաքականության, համատեղ արժեքների և երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ։
Քննարկման մեկնարկին ներկաներին ողջունեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը երիտասարդության հետ բաց և անմիջական հաղորդակցության հարթակ ստեղծելու համար։
Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, շնորհավորելով տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Եվրոպայի օրը նաև Սյունիքում նշելու համար, որը շատ կարևոր է փոխադարձ համագործակցության խորացման համար։ Նա անդրադարձավ նաև «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը ու կարևորեց դրա շրջանակում իրականացված, ընթացիկ ծրագրերը, որոնք իրենց ազդեցությունն ունեն մարզի դիմադրողականության բարձրացման վրա։ Հ․Հարությունյանը արժևորեց նաև ԵՄ դիտորդական առաքելության դերը, հատկապես, Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։
Դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ ԵՄ-Հայաստան համագործակցության հիմնական ուղղություններին, երիտասարդների ներգրավվածության կարևորությանը և երիտասարդական նախաձեռնություններին տրամադրվող աջակցությանը՝ ընդգծելով, որ երիտասարդներն այսօր կարևոր դեր ունեն հասարակական և ժողովրդավարական գործընթացներում։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոիվուն խոսեց իրենց գործունեության, սահմանամերձ բնակավայրերում իրականացվող աշխատանքների և այնտեղ ապրող երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների մասին։
Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը ներկայացրեց Հայաստան-Բուլղարիա համագործակցության ներկա ուղղությունները և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Ուսանողները հյուրերին հարցեր ուղղեցին՝ հետաքրքրվելով, թե ինչ հմտություններ են այսօր անհրաժեշտ երիտասարդներին՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ զարգանալու, մրցունակ լինելու և հասարակական կյանքում ակտիվ դերակատարում ունենալու համար։








