Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆՅԱՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ. ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

01.06.2026

Սյունիքի պատմամշակութային կյանքում այս օրը շրջադարձային էր։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անմիջական աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը։
Այն ոչ միայն նոր էջ է բացում մարզի մշակութային, գիտական, կրթական ու զբոսաշրջային կյանքում, այլև Սյունիքի պատմության վերահայտնաբերման, ազգային հիշողության արթնացման ու ինքնության ճանաչման կարևորագույն քայլ է։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդգծեց իրադարձության կարևոր նշանակությունը մարզի համար։
«Սյունիքի բնակիչների համար սա հրաշալի նորություն է. այսօր կտեսնենք մի ցուցադրություն, որը փաստում է՝ ուրարտական շրջանում Կապանի տարածաշրջանը եղել է խոշոր, խիտ բնակեցված բնակավայր։ Այստեղ քաղաքակրթությունը եղել է շատ բարձր մակարդակում, և ներկայացված մետաղների քանակն ու մասշտաբը պարզապես բացառիկ են»։
Ցուցադրության նմուշների հավաքումն սկսվել էր դեռևս 10 տարի առաջ և ընդգրկում էր 200 առարկա։ 2023-ին ձիու բրոնզե ճակատակալի վրա «Արգիշտիի զինանոց» սեպագիր արձանագրություն բացահայտվեց։ 2026-ին արդեն հաջողվեց Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերված մոտ 3000 գտածո տարբեր անձանցից հավաքել ու վերադարձնել թանգարան։ 2026-ին նաև Սզնակ-Դիցմայրի տարածքի պեղումների արդյունքում մոտ 1000 միավոր ուրարտական ժամանակաշրջանի գտածո է ի պահ տրվել թանգարանին։
Ռոբերտ Ղուկասյանը շեշտեց այն փաստը, որ Ուրարտուի մասին բոլոր հիշատակումները նախկինում մայրաքաղաք Երևանին էին առնչվում, իսկ այսօր պետք է նաև գալ Կապան՝ տեղում ծանոթանալու նույն ժամանակաշրջանի նոր գտածոներին։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենությանը, հնագետներին, թանգարանի անձնակազմին և բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքի, գիտական ուսումնասիրությունների և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հավաքածուի հանգրվանելը հենց Կապանում։ Նա շնորհակալություն հայտնեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներին՝ աջակցության համար։
Թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին և պատասխանատու աշխատանքում իրեն աջակցողներին՝ առանձնացնելով այն միտքը, որ եթե նախկինում Կապանի երկրագիտական թանգարանն էր փորձում Հայաստանի խոշորագույն թանգարանների հետ համագործակցելու եզրեր գտնել, այսօր նրանք են իրենց դիմում նույն խնդրանքով։
Ելույթ ունեցան նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը, փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։
Ցուցադրության ուշագրավ նմուշներից են՝ ոսկյա հնագիտական առարկաներ, որոնք երբևէ չեն եղել Կապանի թանգարանում, մետաղագործության բազմարվեստ նմուշներ՝ ձիասարքի դետալներ, ճարմանդներ, գուրզեր, սակրեր, ապարանջաններ, նետասլաքներ, կնիք-մատանիներ։ Բացառիկներից են ձիու բրոնզե ճակատակալն ու զրահաբաճկոնի կոճակը, որոնց վրա պահպանվել են սեպագիր արձանագրություններ, եզակի գավաթ, որի նմանը չկա ողջ Հայաստանում։
Դրանք ապացուցում են, որ Սյունիքը եղել է Ուրարտուի կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոններից մեկը։
Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետից շնորհակալագրեր ստացան թանգարանի տնօրենն ու աշխատակիցները՝ հավաքածուի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-02 09:55:32