Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱԹՎԱԾԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԴՐՎԵԼ

12.06.2026

 Սյունիքի մարզպետի տեղակյալ Նարե Ղազարյանը հանդիպել է Գորիսի հայ֊ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանին։

Կաթվածի ծառայությունը նոր է հիմնադրվել, և հանդիպման առանցքում եղել են մարզում առողջապահական այս կարևորագույն ենթակառուցվածքի գործունեությունը, մատուցվող ծառայություններն ու դրանց նշանակությունը Սյունիքի բնակիչների համար։
Ժ․Բաղդասարյանը մարզպետի տեղակալին ներկայացրել է կենտրոնի ֆունկցիոնալ հնարավորություններն ու ներդրված աշխատանքային յուրահատուկ մոդելը, որտեղ մեկտեղվելու են հանրապետության առաջատար կլինիկաների և սփյուռքի մասնագետների ջանքերը։ Շիրակից հետո Սյունիքը դարձել է երկրորդ մարզը, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության «Կաթվածի ազգային ծրագրի» շրջանակներում ներդրվել են իշեմիկ կաթվածի բուժման ժամանակակից մեթոդները։ Կենտրոնն ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ իրականացնելու է թրոմբոլիզ և մեխանիկական թրոմբէկտոմիա, որը թույլ կտա բուժումը կազմակերպել տեղում՝ առանց բուժառուներին մայրաքաղաք տեղափոխելու։
Ծառայությունը, որը սպասարկելու է նաև Վայոց ձորի բնակիչներին, ապահովված է ՀՀ կաթվածի բոլոր կենտրոններից ժամանած լավագույն մասնագետների հերթափոխային աշխատանքով։
Հաշվի առնելով որ իշեմիկ կաթվածների ժամանակ ամեն րոպեն շատ թանկ է, և բուժումները պետք է շատ արագ կատարվեն՝ Սյունիքի և մայրաքաղաքից հեռու այլ մարզերի բնակիչները հաճախ ժամանակի կորստի պատճառով չէին կարողանում ստանալ անհրաժեշտ բուժումները։ Այդ պատճառով կառավարության համար կաթվածի բուժման կենտրոնների ցանցի ստեղծումը ամբողջ հանրապետությունով մեկ կարևորագույն առաջնահերթություն է։
Այժմ Գորիսի հայ֊ֆրանսիական կենտրոնում ստեղծվել և ներդրվել է աշխատանքային մոդել, որտեղ միավորվելու են հանրապետության կաթվածի բոլոր կենտրոնների և սփյուռքի մասնագետների, ինչպես նաև Սյունիքում գործող բժշկական կենտրոնների ջանքերը։ Մարզի բնակչության համար այս կենտրոնի հիմնադրմամբ արդեն հասնելի կդառնան կաթվածի լավագույն բուժման մեթոդները։
Հաջորդ քայլը հեռաբժշկության կիրառումով թրոմբոլիտիկ բուժման իրականացումը կլինի արդեն Կապանւմ։
Մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը բարձր է գնահատել կենտրոնի դերն ու առաքելությունը՝ ընդգծելով, որ կաթվածի բուժման՝ ժամանակից կախված լինելը հեռավոր մարզերում յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է դարձնում մարդկային կյանքեր փրկելու համար։
Մարզային իշխանությունը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի անխափան ընթացքին, որն ուղղված է բնակչությանը որակյալ, արդիական և թանկարժեք բուժօգնությամբ տեղում ապահովելուն և մահացության և հաշմանդամության ցուցանիշների նվազեցմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-15 16:49:31