Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱՊԱՆՈՒՄ
06.07.2026
Սյունիքում շարունակվում է ամառային զորակոչը։ Այսօր Կապանում տեղի է ունեցել երկրորդ հավաքի սյունեցի զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արա Մկրտչյանը, մարզային և համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, ինչպես նաև ծնողներ, հարազատներ ու համաքաղաքացիներ, որոնք եկել էին իրենց օրհնանքն ու քաջալերանքի խոսքը հղելու հայրենիքի ապագա պաշտպաններին։
Սյունիքի մարզպետի անունից ներկաներին և զորակոչիկներին դիմեց Հայկ Հարությունյանը։
«Զորակոչվելով բանակ՝ ձեզնից յուրաքանչյուրն իր մեջ տանում է իր ընտանիքի, համայնքի և ողջ Սյունիքի մարզի այն ամենավեհ արժեքները, որոնք բնորոշ են հայ տղամարդուն։ Վստահ եմ, որ ծառայության ընթացքում դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ, կդառնաք ավելի ուժեղ, գիտակից ու հայրենիքին պիտանի քաղաքացիներ», - նշեց մարզպետի տեղակալը՝ հավելելով, որ 18-ամսյա ծառայության ողջ ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է կանգնել ծնողների կողքին և աջակցել ցանկացած հարցում։
Ելույթների պաշտոնական մասից հետո զինակոչիկները հրաժեշտ տվեցին իրենց հարազատներին ու ծնողներին և բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկան դեպի կենտրոնական հավաքակայան՝ ստանձնելու հայրենի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը։










