Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետի աշխատակազմում
10.07.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դ․Հովհաննիսյանի հետ։
Քննարկման առանցքում են եղել մարզի ընդհանուր հակահրդեհային անվտանգության վիճակը, պլանային միջոցառումների իրականացման ընթացքն ու ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները։
Հաշվի առնելով ամառային հրդեհավտանգ ժամանակաշրջանը՝ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անտառային և խոտածածկ տարածքներում կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը։
Կողմերը կարևորել են հրդեհաշիջման աշխատանքներում բնակչության առավել ակտիվ մասնակցությունն ու հանրային իրազեկվածության բարձրացումը։
Ընդգծվել է նաև հրշեջ-կամավորական ջոկատների շարունակական ուսուցման ու տեխնիկական վերազինման, այդ ջոկատների ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կարևորությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պետ Ս․ Ավետիսյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը:
Գերատեսչությունների միջև սերտ գործակցությունը կրում է շարունակական բնույթ՝ ի նպաստ մարզի բնակչության պաշտպանվածության բարձրացման։


