Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է «ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔԸ

06.08.2026

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող «Հողի արձագանքներ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

Ծրագրի հիմնական նպատակն է Հին Խնձորեսկի պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարածքի բարեկարգումը, ինչպես նաև այցելուների համար անվտանգ ու հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծումը։
Արդյունքում՝
․գծանշվել ու կահավորվել է 5,4 կմ ընդհանուր երկարությամբ քայլարշավային արահետ,
․«Արահետներ հանուն փոփոխության» (Trails for Change) ՀԿ-ի հետ համագործակցությամբ կառուցվել են քարե և փայտե աստիճաններ՝ Հին և Նոր Խնձորեսկը կապող դժվարանցանելի հատվածներում,
․տեղադրվել են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ուղղորդող ու տեղեկատվական ցուցանակներ,
․իրականացվել է հուշարձանների և հարակից հատվածների մաքրում, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։
«Գորիսի տարածաշրջանը, Խնձորեսկն ու Տաթևը մարզի առանցքային և ամենաակտիվ զբոսաշրջային ուղղություններից են, որտեղ յուրաքանչյուր նոր ենթակառուցվածք ստեղծում է հավելյալ արժեք: Դրանք ծառայում են ինչպես մեր մարզի բնակիչներին, այնպես էլ Հայաստանից և արտերկրից ժամանող բոլոր զբոսաշրջիկներին»,- ասել է Նվարդ Հարությունյանը։
«Հայաստանի զբոսաշրջային քարտեզը համալրվեց ևս մեկ բարեկարգ և անվտանգ քայլարշավային արահետով։ Վստահ ենք, որ այն կնպաստի ինչպես զբոսաշրջիկների թվի աճին, այնպես էլ մարզի տնտեսական ակտիվության խթանմանը»,- ավելացրել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Հուսիկ Սարգսյանը։

Նախաձեռնությունը մեկնարկել էր 2025 թվականին «Փրկենք հայկական հուշարձանները» (Save Armenian Monuments) կազմակերպության կողմից՝ Հ. Թուֆենկյան բարեգործական և Հովնանյան ընտանեկան հիմնադրամների հովանավորությամբ։
Աշխատանքների ավարտից հետո բարեկարգված տարածքները պաշտոնապես հանձնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-07 16:43:20