Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
12.08.2026
Սիրելի՛ երիտասարդներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
ՄԱԿ-ի կողմից սահմանված այս տարվա՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսը դիպուկ է բնորոշում երիտասարդության աշխարհը։ Դուք ապրում եք տարբեր պայմաններում, ունեք տարբեր ճանապարհներ, հետաքրքրություններ ու փորձառություններ, սակայն բոլորիդ միավորում է կրթվելու, զարգանալու, ստեղծելու, սեփական հնարավորություններն ընդլայնելու և ավելի լավ ապագա ձևավորելու ձգտումը։
Երիտասարդության մասին հաճախ խոսում են որպես երկրի ապագայի։ Բայց ես համոզված եմ, որ դուք, առաջին հերթին, մեր ներկայի ակտիվ և անփոխարինելի դերակատարներն եք՝ ձեր գաղափարներով, աշխատանքով և նախաձեռնություններով։
Այսօր մեր պետության և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ են նոր մտածողություն, հիմնարար գիտելիքներ, տեխնոլոգիական հմտություններ և ստեղծարար մոտեցումներ։ Հենց այդ հատկանիշներն են երիտասարդներին հնարավորություն տալիս լիարժեքորեն դրսևորելու իրենց ներուժը և ստանձնելու կարևոր դեր ու պատասխանատվություն մեր երկրի կյանքում։
Սյունիքի երիտասարդներն աչքի են ընկնում ակտիվությամբ և պատրաստակամությամբ՝ մասնակցելու իրենց համայնքների և մարզի կյանքին։ Նկատելի է ձեր ներգրավվածությունը մարզի հասարակական կյանքում և զարգացման տարբեր գործընթացներում։ Սա մեզ համար կարևոր է, որովհետև ձեր ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն երիտասարդական միջոցառումներում, այլև համայնքային, հասարակական և պետական կյանքի այն գործընթացներում, որոնք անմիջականորեն ձևավորում են ձեր և մեր երկրի ապագան։
Այս տարվա համար առանձնահատուկ խորհուրդ ունի նաև Կապանի՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակը։ Այն հնարավորություն է տալիս Սյունիքի երիտասարդներին ներկայանալու ավելի լայն հարթակներում, ստեղծելու նոր կապեր, փոխանակելու փորձը, հանդես գալու նոր նախաձեռնություններով և ներգրավվելու միջազգային համագործակցության մեջ։
Սիրելի՛ երիտասարդներ
Ձեր մասնակցությունը մեր երկրի կյանքին պետք է արտահայտվի ոչ միայն պատրաստի ծրագրերի մեջ ներգրավվելով, այլև սեփական գաղափարներ առաջարկելով, նախաձեռնություններ առաջ բերելով և այն միջավայրի ձևավորմանը մասնակցելով, որտեղ ցանկանում եք ապրել, սովորել ու աշխատել։
Դրա համար կրթությունը սկզբունքային նշանակություն ունի։ Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում կրթությունը չի սահմանափակվում միայն ուսումնական գործընթացով։ Այն շարունակական զարգացում է՝ նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու, տեխնոլոգիական և քննադատական մտածողությունը զարգացնելու, փոփոխություններին ինքնուրույն ու պատասխանատու արձագանքելու կարողություն։
Մաղթում եմ, որ ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն գտնի իր ճանապարհը դեպի իրականություն, գիտելիքը վերածվի կարողության, իսկ կարողությունը՝ արժեք ստեղծելու հնարավորության։ Ցանկանում եմ բոլորիդ համարձակություն՝ մեծ նպատակներ դնելու, հետևողականություն՝ դրանց հասնելու և վստահություն՝ սեփական ուժերի նկատմամբ։
Թո՛ղ ձեր հաջողությունները լինեն ոչ միայն յուրաքանչյուրիդ անձնական ձեռքբերումները, այլև իրական ներդրում ձեր համայնքի, Սյունիքի և Հայաստանի զարգացման գործում։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, նոր հնարավորություններ, մասնագիտական կայացում ու արժանապատիվ ճանապարհ։


