Տպել
Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել «Շինուհայրում խաղահրապարակի վերաիմաստավորում» նախագիծը։ Նախատեսվում է բարեկարգել ու գույքով ապահովել Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի խաղահրապարակը՝ ստեղծելով ակտիվ ժամանցի և սոցիալական ինտեգրման միջավայր երեխաների համար։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
12.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մասնակցել է մարզի երիտասարդների համար կազմակերպված «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփիչ միջոցառմանը։ Այն տեղի է ունեցել Կապանում՝ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչներ, երիտասարդներ հանրապետության տարբեր վայրերից, այլ հյուրեր։
Առաջին մրցանակը ստացել է «Գյուղի ձայնը» նախագիծը։ Գաղափարի հիմքում միջսերնդային համագործակցությունն է։ Աշակերտները կայցելեն գյուղական բնակավայրեր, կշփվեն տարեցների հետ, կգրանցեն ու կթվայնացնեն նրանց պատմությունները, բարբառն ու ավանդական բաղադրատոմսերը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը։
Երկրորդ տեղում «Երիտասարդ առաջնորդների լաբորատորիա» նախագիծն է։ Սրա շրջանակում կկազմակերպվեն երկշաբաթյա դասընթացներ՝ պատրաստելով երիտասարդ առաջնորդներ, որոնք ոչ ֆորմալ կրթության միջոցով դրական փոփոխություններ կբերեն համայնքներ։
Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել «Շինուհայրում խաղահրապարակի վերաիմաստավորում» նախագիծը։ Նախատեսվում է բարեկարգել ու գույքով ապահովել Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի խաղահրապարակը՝ ստեղծելով ակտիվ ժամանցի և սոցիալական ինտեգրման միջավայր երեխաների համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների և ՄԱԿ-ի փախստականների գործակալության համագործակցությամբ կազմակերպված այս մրցույթի հաղթողները կստանան 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն։
Միջոցառմանն ուղերձով հանդես է եկել նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականությունը կառավարության առաջնահերթություններից է՝ մատնանշելով «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքի ընդունումը և մարզերում ընդլայնվող երիտասարդական կենտրոնների ցանցը։
Հայկ Հարությունյանը ներկաներին է փոխանցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը։
- Դուք առաջին հերթին մեր ներկայի ակտիվ, որոշումներ կայացնող ու անփոխարինելի դերակատարն եք: Եվ դրա լավագույն ապացույցը այս պահին ամփոփվող երիտասարդական գաղափարների մրցույթն է: Ձեր ներկայացրած նախագծերն ու ստեղծարար լուծումները փաստում են, որ դուք ոչ թե սպասում եք փոփոխությունների, այլ ինքներդ եք դրանց հեղինակն ու առաջամարտիկը,- նշել է մարզպետի տեղակալը։
Միջոցառման ընթացքում կարևորվել է նաև Կապան քաղաքի դերը՝ որպես ՀՀ և ԱՊՀ 2026 թ․ երիտասարդական մայրաքաղաք։
Նշենք նաև, որ այս տարվա Երիտասարդության միջազգային օրը կրում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագիրը։










