Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
15.08.2026
Սիրելի՛ կապանցիներ
Սրտանց շնորհավորում եմ Կապանի օրվա առթիվ։ Այս տոնն առանձնահատուկ ջերմությամբ է լցնում ինչպես Կապանում ապրողների, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող կապանցիների սրտերը, որոնք իրենց մտքերով ու հոգով միշտ կապված են հարազատ քաղաքին։
Կապանն իր յուրահատուկ բնավորությամբ ու ամենօրյա ակտիվ կյանքով ապրող քաղաք է։ Դարերի ընթացքում ձևավորված այս լեռնաշխարհի ոգին դրոշմված է քաղաքի ամեն մի անկյունում, փողոցում ու շինության մեջ։ Այստեղ ծննդավայրի նկատմամբ վերաբերմունքն արտահայտվում է նրա զարգացող ներկան պահպանելու և առաջիկա տարիների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու պատասխանատվությամբ։ Սյունիքի մարզկենտրոնի առաջընթացը նաև մեր ողջ մարզի տնտեսական ու հասարակական ակտիվության, ընդհանուր կայուն զարգացման կարևորագույն բաղադրիչներից է։
Վերջին տարիներին քաղաքում մեծ տեմպով կատարվող փոփոխությունները տեսանելի են տարբեր ուղղություններում։ Նոր ծրագրերում, ենթակառուցվածքների բարելավման, կրթական, մշակութային և համայնքային միջավայրի զարգացմանն ուղղված աշխատանքներում առանցքային է պետական միջոցների արդյունավետ օգտագործումը։ Եվ քաղաքի զարգացման համար այսօր ստեղծվող հնարավորությունները պետք է վերածվեն երկարաժամկետ արդյունքի՝ Կապանի բնակիչների համար ապահովելով ավելի հարմար, արժանապատիվ և հեռանկարային միջավայր։
Բայց քաղաքի իրական առաջընթացն, ի վերջո, չափվում է ոչ միայն իրականացված ծրագրերով, այլև մարդկանց այն վստահությամբ, որ Կապանում կարելի է ապրել, աշխատել, ստեղծել ու սեփական ծրագրերը կյանքի կոչել։ Եվ այս դրական միջավայրի գլխավոր կերտողները հենց կապանցիներն են։ Քաղաքը միայն շենքերն ու փողոցները չեն․ քաղաքը նախևառաջ ձեր սերն է, ձեր վերաբերմունքն ու ստեղծած բարիքը։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով, մասնագիտական նվիրումով, նախաձեռնություններով ու քաղաքի նկատմամբ հոգատար վերաբերմունքով ամեն օր իրենց ներդրումն են ունենում մեր մարզկենտրոնի շենացման գործում։
Քաղաքային կյանքի աշխուժացումն ու նորարարական գաղափարների կենսագործումն այն ուժն են, որոնք Կապանը պետք է պահեն որպես ժամանակակից, ինքնատիպ ու կանչող քաղաք։
Այս տոնական օրը մաղթում եմ, որ Կապանի յուրաքանչյուր ընտանիքում տիրեն խաղաղությունն ու բարեկեցությունը, ավագ սերնդի համար արժանավայել կյանք ապահովվի, երեխաների և երիտասարդների համար բացվեն նոր հորիզոններ, իսկ մեր քաղաքն ունենա հետևողական զարգացում և վստահ առաջընթաց։
Տոնդ շնորհավո՛ր, իմ ու բոլորի սիրելի՛ Կապան։
Խաղաղություն, բարօրություն և լավատեսություն բոլորիդ։


