Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիսում անցկացվել է 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը
21.08.2026
ՀՀ ԿԳՄՍՆ կողմից անցկացվող հերթական աշխատանքային հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական մասի համակարգողները, նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Խորհրդակցական մասից առաջ ներկաները շրջայց են կատարել Գորիսի թիվ 5 դպրոցում կազմակերպված կրթական էքսպոյի տաղավարներով։ Մարզի դպրոցների ներկայացուցիչները ցուցադրել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում մշակված նորարարական նախագծերը, արժեքային կրթության, կառավարման և խմբակային աշխատանքների լավագույն փորձը։ Ներկայացվել են Սյունիքի դպրոցների իրականացրած լավագույն նախաձեռնությունները «Ամենահետաքրքիր խմբակ», «Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք», «Նորարարական դասի լավագույն գաղափար», «Դպրոցի կառավարման լավագույն գաղափար», «Աշակերտական խորհրդի լավագույն նախաձեռնություն», «Արժեքային կրթությանն ուղղված լավագույն փորձ» ուղղություններով։
Այնուհետև Արաքսիա Սվաջյանն ու Հայկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնել «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված մարզի տնօրեններին և ուսուցիչներին։
Ողջույնի խոսքում Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը բարձր է գնահատել մարզպետի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության և կրթական հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Հաշվի առնելով, որ 2026 թվականի սեպտեմբերից դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ վարչատնտեսական գործառույթները կիրականացնեն մարզպետերի աշխատակազմերը, և մարզային ենթակայությամբ գործող դպրոցները կփոխանցվեն նախարարությանը՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների համատեղ աշխատանքի ու համագործակցության համար․
«Սյունիքի մարզպետի աշխատակազմն այսուհետ ևս պատրաստ է ոչ միայն իր լիազորությունների սահմանում, այլ նաև կրթական գործընթացներում ներգրավվելու և լինելու օգնող։ Շնորհակալությո՛ւն, սիրելի՛ տնօրեններ, այս տարիների աշխատանքի ու Սյունիքի մարզի կրթական ոլորտում հաջողությունների համար։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի անելիք այսուհետ ՀՀ ԿԳՄՍՆ մեր գործընկերների հետ աշխատելիս այս մեծ նշաձողը բարձր պահելու համար, որովհետև ձեր յուրաքանչյուր ձեռքբերումը մեր մարզի ձեռքբերումն է»։
Աշխատանքային քննարկումների ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ամփոփել է նախորդ ուսումնական տարվա արդյունքները և ներկայացրել առաջիկա ռազմավարական ուղղությունները։
Քննարկվել են նաև հանրակրթական դպրոցներում չափորոշչային փոփոխությունների, ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորման, արտադպրոցական հաստատությունների բարեփոխումների և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին առնչվող հարցեր։
Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ երկխոսություն, որի ընթացքում տրվել են մասնագիտական պարզաբանումներ, քննարկվել են նոր ուսումնական տարվան առնչվող առաջնահերթությունները, կազմակերպչական հարցերն ու կրթական գործընթացի արդյունավետ իրականացման կարևոր ուղղությունները։









